Մի քանի օր է՝ տղաս ընկերների հետ մեկնել է Սյունիք, շրջագայության։ Այսօր Կապանում, կեսօրին մտել են զբոսայգի, այնտեղ մի քանի րոպե հանել դիմակները և քարտեզով փորձել գտնել մոտակա սրճարանը։ Զարմանալիորեն, շատ արագ երիտասարդներին են մոտեցել երկու ոստիկաններ (ի դեպ, մեկը քաղաքացիական հագուստով) և ․․․ցույց տվել առանց դիմակների լուսանկարն ու տուգանքի արձանագրություն կազմել։ Երիտասարդների բացատրությանը, թե ուղղակի րոպեներ են եղել իրենց առանց դիմակ լինելը, ոստիկաններն ասել են, որ ոչինչ չեն կարող անել և պետք է պարտադիր տուգանեն, քանի որ իրենց է ուղարկվել լուսանկար, որն էլ «հանցանքի» ապացույց է։ Պարզվում է, երիտասարդներին լուսանկարել և լուսանկարը ոստիկանությանն է ուղարկել զբոսայգու հարևանությամբ գտնվող շենքի բնակիչն իր պատշգամբից։
Հարգելի իշխանավորներ, և այս ամենը, այն է՝ խրախուսել բանսարկություն, մատնություն, չարախնդություն, դուք համարում եք «հպարտ, գիտակից» քաղաքացու գործունեությո՞ւն։ Այս ամենով, արդյոք, դուք չե՞ք ոգևորում մեր հասարակության որոշակի հատվածի չարակամության, նախանձի հիվանդագին բնազդները (դարդերս քիչ էին, հարևանս էլ նոր մեքենա առավ)։ Թե՞ մտածում եք, որ իրար ատելով, մատնելով հասարակությունն ավելի հնազանդ և հպատակ կդառնա։ Համաճարակի կանխարգելելու աշխատանքները ձախողելով, մեղքը գցելով նույն «հպարտ» ժողովրդի վրա, ընդունում եք վիճահարույց «օրենքներ» և ոստիկաններին ստիպում եք լինել պեդանտ՝ ոչ թե պահել վիճահարույց օրենքի ոգին, այլ տառը։ Թե՞ Հայաստանի քաղաքացին ընդամենը բանսարկության և տուգանման «մատերիալ» է։
Հ․Գ․ Քիչ առաջ ֆեյսբուքում կարդացի Էդգար Առաքելյանի նմանատիպ անհեթեթ տուգանման պատմությունը։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ԵՎ Դուք Ձեզ համարում եք իրավապաշտպա՞ն: Թ՞ե էլ իրավապաշտպան չէք: Բավականին երկար ժամանակ սպասում էի, որ կսթափվեք, բայց հակառակն է տեղի ունենում: Հիմա էլ ձևավորվող/իմ կարծիքով/ քաղաքացիական հասարակությունի՞ց եք դժգոհում: Բա էլ ո՞նց պետք է կանխարգելեն Ձեր ասելով ,,ձախողված,, համաճարակը: ԱՅ ՔԵԶ ԲԱ՜Ն: