Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիսի 11-ը՝ բնակչության համաշխարհային օր․ համառոտ տեղեկանք աշխարհում և Հայաստանում բնակչության, ինչպես նաև Կովիդ-19 համավարակի ազդեցության վերաբերյալ

Հուլիս 11,2020 14:45

COVID-19 համավարակի բերած ճգնաժամը ողջ աշխարհում ծանր ազդեցություն ունեցավ մարդկանց, համայնքների և տնտեսությունների վրա:

Մինչ երկրները արգելափակումներ են կիրառում, իսկ առողջապահական համակարգերը լուրջ փորձության են ենթարկվում, բնակչության հատկապես խոցելի խմբերը հայտնվում են է՛լ ավելի ծանր կացության մեջ։ Լրջորեն վտանգվում են հատկապես խնամքի հաստատություններում տարեցների կյանքն ու առողջությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, տարեցների խնամքի հաստատությունների բնակիչներին է բաժին ընկնում Եվրոպայում նոր կորոնավիրուսից մահերի գրեթե կեսը:

Լուրջ փորձության են ենթարկվում նաև երկրների ժողովրդագրությանն առնչվող ծրագրերը, այդ թվում՝ հերթական մարդահամարների անցկացումը, ինչը 2020-2021 թթ. նախատեսում է անել աշխարհի 150 երկիր, ներառյալ` Հայաստանը։ Առկախման վտանգի տակ են հայտնվում ընտանիքների վերարտադրողական ծրագրերը։

Վերարտադրողական և սեռական առողջության ծառայությունները մի կողմ են մղվում, իսկ գենդերային բռնությունն աճում է: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե մեկուսացումը շարունակվի վեց ամիս, ապա կարելի է ակնկալել աշխարհում գենդերային բռնության հավելյալ 31 միլիոն դեպք։ Համավարակի պատճառով ՄԱԲՀ ծրագրերի խաթարումը կարող է 2020-2030 թթ. հանգեցնել մանկահասակների հավելյալ 13 միլիոն ամուսնության։

Միայն այս խնդիրների կարևորության գիտակցումը, միջոցների ներդրումը և համատեղ, հետևողական աշխատանքը կարող են բարելավել իրավիճակը։

ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, աշխարհի բնակչությունը շարունակելու է աճել։

Այդուհանդերձ, ծնելիության գումարային գործակիցը շարունակելու է նվազել։

Աշխարհի բնակավայրերի մոտ կեսում (ներառյալ Հայաստանում) ծնելիությունը 2.1-ից՝ պարզ վերարտադրությունից, ցածր է։

Աշխարհի բնակչությունը նաև կշարունակի ծերանալ. ներկայի 11-ից 1-ի փոխարեն 2050 թ.-ին աշխարհում տարեց կլինի յուրաքանչյուր 6-ից մեկը։ Միաժամանակ, կբարձրանա կյանքի սպասվելիք միջին տևողությունը՝ 73-ից հասնելով 77-ի։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակման՝ 2020 թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում նվազել է ինչպես ծնվածների, այնպես էլ մահացածների թիվը։ Հայաստանը մոտենում է այն փուլին (սկսած մոտավորապես 2025 թ.-ից), երբ վերարտադրության ամենամեծ բաժինն իրենց վրա կվերցնեն 2000-ակաների սկզբին ծնվածները, որոնց թիվն ամենափոքրն է եղել նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում։ Արդյունքում ակնկալվում է ծնունդների թվի որոշակի նվազում։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե մեկ երրորդով կրճատվել է ամուսնությունների թիվը, մոտ 300-ով՝ ամուսնալուծությունների թիվը։ Ըստ ամենայնի, ամուսնությունների թվի նման նվազումը կապված է COVID-19 համավարակի հետ։

Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ 2050 թ.-ին ծնելիության գործակիցը Հայաստանում մի փոքր աճած կլինի։

Եթե այլ որոշիչ գործոններ տեղ չգտնեն, Հայաստանի բնակչությունը, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, մի փոքր աճից հետո կշարունակի նվազել։

Հայաստանում կշարունակի աճել տարեց բնակչության մասնաբաժինը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է շուտափույթ քայլեր իրականացնել մեր տարեցներին որքան հնարավոր է առողջ, ունակ և պահանջված պահելու, նրանց համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ապահովելու համար։

Հայաստանում կաճի նաև կյանքի սպասվելիք միջին տևողությունը։

ՄԱԿ-Ի ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031