Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին. «Մի ամբողջ թիմ այսօր աշխատում է Կոստանյան Ռուզաննայի դեմ»

Հուլիս 11,2020 13:44

Խ. Դաշտենցի անվան 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը պահանջում է  անվավեր ճանաչել նախարարի հրամանը՝ իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Կոստանյանը հիշեցրեց, որ խիստ նկատողությունը կապված է մայիսի 25-ին ավարտական վկայականների հանձնման ժամանակ աշակերտների կողմից կազմակերպված անմեղ անակնկալի հետ, որին այլ աստառ էր տրվել ու  տեսանյութը տարածվել էր սոցցանցերում, հայտնվել անգամ վարչապետի էջում։

«Ես  ակամա տրվեցի երեխաների անակնկալին, որը թյուրիմացություն էր, եւ ես կարծում էի, որ ամենաշատը դրա համար կտուգանեն: Շատ ցավում եմ, որ երկար տարիներ արժանապատվությամբ աշխատած տնօրենի հետ այդպես են վարվում: Հեշտ չէ տնօրեն աշխատելը, որովհետեւ շատ դժվար ճանապարհ ենք անցնում, առողջություն ենք կորցնում, դժվարություններ ենք հաղթահարում, որ ամեն ինչ նորմալ լինի, ու միանգամից խիստ նկատողությունն ինձ համար շատ մեծ ցավ էր: Ես ուզում եմ դատական կարգով ընդամենն իմ իրավունքները պաշտպանել, որովհետեւ զգում եմ՝  իմ հանդեպ կոնկրետ կողմնակալ  վերաբերմունք եւ վատ տրամադրվածություն կա նախարարի կողմից, թեպետ  շփում չենք ունեցել:

Շատ էի լսել, որ դա հների նկատմամբ է: Ինչ է նշանակում հների նկատմամբ: 1997 թվականից այս դպրոցի տնօրենն եմ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ նշանակվել եմ, մինչեւ հիմա աշխատել եմ՝ պատվով, հանգիստ, դպրոցը կարգին վիճակում է, միշտ լավ շրջանավարտներ ենք տվել: Իմ կարծիքով, ավելի  շատ բովանդակայինը պետք է գնահատեն պատկան մարմինները, որովհետեւ թերություններ ունենալն էլ մարդկային է, այդ օրվա միջադեպն էլ իմ վրիպումն էր, բայց ես որպես մանկավարժ՝  չէի կարող երեխաներին դուրս անել իմ աշխատասենյակից, հատկապես որ տնօրենի աշխատասենյակում Վերջին զանգ չեն նշում: Ես ուղղակի այդ պահին տրվեցի երեխաների ուրախությանը»,-հայտնեց տիկին Կոստանյանը:

«Չէի ուզենա խիստ նկատողություն ստանալ, սխալի համար տուգանք ու նկատողություն է հասնում, խիստ նկատողության հետ չեմ կարողանում համակերպվել, որովհետեւ տարիների վաստակ ունեցող մանկավարժի հետ չեմ կարծում, որ կարելի էր այդպես վարվել: Ես բացատրագիր եմ գրել, մանրամասներ եմ ներկայացրել, գուցե հանդիպո՞ւմ լիներ պատիժ տալուց առաջ… Մի ամբողջ թիմ այսօր աշխատում է Կոստանյան Ռուզաննայի դեմ: Ինչ է արել Կոստանյան Ռուզաննան, բացի դժվարությամբ դպրոց պահելուց: Կոլեկտիվ ունենք, որի հետ կապված դժգոհություն, բողոք չի արձանագրվել երբեւէ, որեւէ նախարարի ժամանակ մեզանից չեն դժգոհել… Մինչդեռ դպրոցներ կան, որտեղ մանկավարժական կոլեկտիվներ են կանգնում ու բողոքում տնօրենից.. Մեզ համար հանգիստ, խաղաղ, հրաշալի մթնոլորտում աշխատում ենք, ի՞նչ է պատահել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031