Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետև հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան. Նիկոլ Փաշինյան

Հուլիս 11,2020 13:05

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե’ս-
Անհետ կորել, անցել է – չար մշուշի պես:

Վահան Տերյան

Մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ նահապետից և մեր անունն է հայ:

Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության:

Մենք ճանաչում ենք Հայկական ԽՍՀ բացառիկ դերը Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության զարգացման գործում:

Մենք Հայաստանի Երրորդ Հանրապետության Հպարտ քաղաքացիներն ենք, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հիմնադրած և Արցախն ազատագրած հայ ժողովրդի զավակները:

Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է:

Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է և ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին:

Հայ ժողովուրդը պատմական բազմաթիվ արհավիրքներ հաղթահարելու և 21-րդ դար հասնելու ուժ և կարողություն է ձեռք բերել այն հմտությունների, գիտելիքի և հատկանիշների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականություն ունենալու շրջանում: Այս պատմական գիտակցության վրա հենվելով է, որ հայ ժողովուրդը Մեծ եղեռնից անմիջապես հետո կարողացավ վերստեղծել իր անկախ պետությունը:

Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է:

Հետևաբար՝ Հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետև հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան:

Ազգային արժեքներ

Հայ ժողովրդի ազգային արժեքներն են՝

– Հայոց պետականությունը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը-հայոց բանակը:

– Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:

– Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:

– Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:

– Հայրենիքը, ընտանիքը, անհատը:

– Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը:

– Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային, էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:

– Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:

– Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ: Եղբայրական զգացմունքները և հարաբերությունները Հայաստանում և Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիությամբ:

– Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի՝ վերը նկարագրված ազգային արժեքները:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2689753414678370?__xts__[0]=68.ARBKoXizRq8C6lgzivkQtxtHWEsXGqYxB1oTFuqCkWq1odyYsubLrmimWzNI04ZG9IGsDVVvLUM_qYNKP4y53j6ApYpSAZwX0oEBxm-4gy-QPoIEaaZ_SMLdnpV3g-IxXsuKIuMYjiWYrgSCWK0lizlJA84zXcd6EODHVbpXvAfxPeaVMKumeuup7It5FJl2HTJkwoiv1zhSmgg1f62WT99f6NLomfakLbuzbiiSzp3Y0lXsAQB9CTMzN6PqTg7BATvixqkWXOw9x8LC6XESQ0v1J-gY18Svjhb5rnC3avxFAbxOgIhjPh3-31sjmpA6boC96M-rkjCUJpM0FAIx8LWa&__tn__=-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031