Երեւանի քաղաքապետարանը մեկ ամիս ժամանակ է տվել հնամաշ իրերի շուկայի առեւտրականներին տարածքն ազատելու եւ այլ վայր տեղափոխվելու համար: Նրանց առաջարկվել են երկու տարբեր տարածքներ, որոնք առեւտրականների սրտով չեն: Առեւտրականները հույս ունեն, որ հանդիպելով քաղաքապետի հետ եւ նրան ներկայացնելով իրավիճակը՝ հնարավոր է փոխզիջումային տարբերակ գտնվի:
«Մինչեւ էս վիրուսը վերջանա, թողեք գոնե աշխատենք, ապրելու ձեւ ունենանք, չենք ասում հիմնական տվեք մեզ, կարող ա հետո ավելի հետաքրքիր տեղ լինի, ձեզ դիմենք, դուք էլ միջնորդեք»,-հորդորում էր առեւտրականներից մեկը:
Ոստիկաններից մեկն ասաց, որ ոչ սահմանված վայրում անօրինական առեւտուր է իրականացվում, ինչին մի առեւտրական հակադարձեց. «Մենք թույլտվությամբ ենք կանգնած, ինքնագլուխ չենք եկել ստեղ կանգնել, քաղաքապետի գրավոր թույլտվություն ունենք, որ ստեղ կանգնելու ենք, գրած, ստորագրած, պեչատած, անօրինական բառը մի ասա»:
Մեկ ուրիշն էլ հավելեց. «Անօրինական քսան տարի ստեղ չէինք կարա կանգնեինք, քսան տարի անօրինական ո՞վ է թողնում: Թող իրենց նեղություն տան, գնան քաղաքապետարանի արխիվում նայեն, որ թույլտվության թուղթ կա»:
Կարդացեք նաև
«Թաղապետարանը որոշել է, որ պետք է տարածքն ազատենք, մեզ տանում են նենց չոլեր, որ էս ժողովուրդը չի կարա մի կոպեկ աշխատի: Մեկ Հրազդան են առաջարկում, մեկ ՏԷՑ-ի կռուգ, երեք-չորս ամիս էս ժողովուրդը չի կարա փող աշխատի, երեք -չորս ամիս հետո էլ՝ ով մեռած, ով սաղ: Ով ա իմանում, ինչ ա լինելու»,-դժգոհում էր մի ուրիշը:
«Էս խառը մոմենտին ասում են հելեք գնացեք… Ստեղ կոպեկներ ենք աշխատում, տեղի համար վարձ չենք տալիս, հիմա Հրազդանում տեղի համար ոնց վարձ տամ, քառակուսի մետրն էլ երեք հարյուր դրամ, տասնհինգ աստիճան երկաթները պիտի վերեւ բարձրացնենք, մի տասնհինգ էլ իջացնենք ներքեւ՝ պահեստային մաս…
Մեր պահանջն էն ա, որ տասը-տասնհինգ տարի ոչ մեկին չենք խանգարել, հիմա թաղապետարանը սա կազմակերպել ա Հրազդանի ղեկավարության հետ, որպեսզի էստեղից հանեն, ուղարկեն էնտեղ, որ էնտեղ փող աշխատեն իրանք… Կամ իրենց նպատակը դա ա, կամ էլ սա տեռոր ա պետության դեմ, որ հելնենք ղեկավարի դեմ բողոքենք: Տասնիհնգ տարի Տարոն Մարգարյանը մեզ տվել ա տերիտորիան, որ ոչ մեկն իրավունք չունի ձեզ խանգարի, մեքենաների համար տեղ հատկացրեց, Բախշյանի հետ եկանք էստեղ, տարածքը մեզ տվեցին, հիմա ինչ եք մեզանից ուզում»,- նեղսրտել էր հնամաշ իրերի շուկայի մեկ այլ առեւտրական:
Ոստիկաններն անընդհատ պահանջում էին, որ մարդիկ սոցիալական հեռավորություն պահպանեն, առեւտրականն էլ պնդում էին, որ իրենք հացի խնդիր են լուծում՝ չնչին գումար վաստակելով, ու եթե պետությունը ձեռք չի մեկնում իրենց, լավ կլինի՝ նաեւ չխոչընդոտի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ