Հուլիսի 10-ին ՀՀ անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը փոխարինում է 2007թ.-ին ընդունված ռազմավարությանը: Aravot.am-ն առանձնացրել է փաստաթղթի ուշագրավ հատվածներից: «Քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության ապահովումը» խորագրի ներքո մասնավորապես ներկայացված են հետեւյալ կետերը.
-Պետության ներսում հանցավորության մակարդակի շարունակական նվազումը մեր առաջնային խնդիրներից է: Բռնությունից զերծ հանրության հայեցակարգը դիտարկելով որպես հասարակական համերաշխության կարևոր նախապայման՝ մենք հետամուտ ենք լինելու բռնության մշակույթի բացառմանը: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու քրեական միջավայրի կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների՝ քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելմանը: Բռնությունը, այլատյացությունը և քրեական ենթամշակույթը տեղ չունեն մեր հասարակությունում:
-Հայաստանը հետևողականորեն պայքարելու է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական-քայքայիչ գործունեության, կազմակերպությունների և անհատների կողմից Հայաստանի ազգային շահերին վնաս հասցնող գործունեության, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ներպետական և անդրազգային կազմակերպված հանցավորության, զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման դեմ: Մենք նաև ընդլայնելու և խորացնելու ենք միջազգային փոխգործակցությունը հանցավորության տարբեր դրսևորումների դեմ պայքարում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ