Քանի որ նվազել է երկրում գումարի շրջանառությունը, որպես հետևանք նվազել է նաև անշարժ գույքի գործարքների քանակը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ալեքս–Ռ» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Արթուր Մնացականյանը։
Նրա խոսքերով՝ հողատարածքների գները բարձրացել են, քանի որ մարդիկ սկսել են ակտիվ կերպով հող գնել, սեփական տուն կառուցել ու ավելի ապահով մեկուսացվեն։ «Մարդիկ հասկանում են, որ նոր իրականության մեջ սեփական տունն ավելի ապահով է ու անվտանգ բնակվելու համար։ Հողատարածքներ գնելու միտումը հեղափոխությունից հետո սկսեց աճել, ըստ այդմ՝ գները։ Հիմա շարունակվում է»,- ասաց գործակալության փոխտնօրենը։
Անշարժ գույքի շուկայում բնակարանների գների մասով մեր զրուցակիցը նշեց՝ իրենք 5 տոկոս նվազում են արձանագրել։ «Հունիս ամսին անշարժ գույքի առքուվաճառքի ոլորտը վերադարձել է մոտավորապես փետրվար ամսի ցուցանիշներին։ Այսինքն՝ գործարքների պակաս եղել է ապրիլ-մայիս ամիսներին։ Հիմա արդեն մարդիկ սկսել են թույլ տալ իրենց տունը ցուցադրել, գործարքներ անել»,- տեղեկացրեց Մնացականյանը։ Նրա խոսքերով՝ այս տարի արտերկրից կապիտալի շարժի ու զբոսաշրջիկների բացակայության պայմաններում ոլորտում գնային աճ չի լինի, ինչպես նախորդ տարիներին։
«Սակայն 5 տոկոսով նվազել են անշարժ գույքի գները։ Ես կարծում եմ՝ գները չեն բարձրանա, մինչև ճանապարհները չբացվեն։ Եթե ճանապարհները բացվեն, մեր շատ հայրենակիցներ ցանկանալու են գալ ու Հայաստանում հողատարածքներ ու բնակարաններ գնել։ Աշխարհում ապրող հայերը մրցելու են իրար հետ՝ Հայաստանում հող գնելու համար։ Ինչքան հնարավոր է պետք է արագ հողատարածքներ գնել։ Մեր գործարքների 50 տոկոսը հողատարածքների առքուվաճառքն է»,- ընդգծեց Արթուր Մնացականյանը։
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի խոսքերով՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ տնտեսությունը գտնվում է ճգնաժամային վիճակում, պետության կողմից մեծ աջակցություն կա տարբեր ոլորտներին, որոնք էլ գումարային կապիտալ են բերում երկիր։ «Օրինակ՝ գյուղատնտեսությունը, ջերմոցային տնտեսությունները, պտուղ-բանջարեղենի արտահանում և այլն։ Հայաստան փող է մտնում, ու մարդիկ որոշում են այդ գումարներով հող առնել, որպեսզի մեծացնեն իրենց ջերմոցների ծավալը, ավելի շատ արտադրանք ստանան ու վաճառեն։ Ուզում եմ ասել, որ տնտեսության որոշ ճյուղեր կան, որոնք զարգանում են»,- մանրամասնեց գործակալության փոխտնօրենը։
Գալով Երևան քաղաքում բնակարանների վարձակալության գներին, Մնացականյանն ասաց՝ հատկապես Կենտրոն վարչական տարածքում վարձակալության գները նվազել են՝ տեղ կա 50 տոկոսով, տեղ կա 30 տոկոսով։ «Մարդիկ բնակարաններ են գնել, վարկային միջոցներ են ներգրավել, հիմա արդեն պետք է վարձակալությամբ այդ գումարները հետ ստանան, սակայն եկամուտ չկա, ստիպված իրենց անձնական միջոցներն են ներգրավում վարկերը մարելու համար։ Դա իրենց համար որոշակի դժվարություններ է ստեղծում։ Խնդիրն առկա է։ Բայց պետք է ասեմ, որ խնդիրը օրավարձով բնակարանների դեպքում է ավելի սուր արտահայտված»,– շեշտեց անշարժ գույքի գործակալության փոխտնօրենը։
Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում