Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը բազմաթիվ հարցերում պիտի հենվի իր գյուղոլորտի վրա, բայց դրա համար պետք է գյուղացու թիկունքին կանգնի. «Ժամանակ»

Հուլիս 11,2020 11:17

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի դիտարկմամբ՝ գյուղատնտեսական ապրանքների մթերման այս ժամանակահատվածում ծագած առաջնային խնդիրը, թերևս, արտահանումն է ու արտահանման ծավալների նվազումը, ինչը, նրա գնահատմամբ, պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով ու տնտեսական ճգնաժամով:

«Մեզ մոտ մեծ թափ էր առել լոլիկի, վարունգի, սմբուկի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների ջերմոցային արտադրությունը, որով կարողանում էինք թե՛ ներքին սպառումն ապահովել, թե՛ արտահանել, այսինքն՝ դեֆիցիտ չունեինք: Սակայն այս կորոնավիրուսի պայմաններում հիմա կանգնել ենք արտահանման լուրջ պրոբլեմի առաջ, և կառավարությունն այս ուղղությամբ պիտի կարողանա քայլեր ձեռնարկել: Աշնանն էլ կարող է կարտոֆիլի բերքի խնդիր ունենանք՝ ի՞նչ բերք կլինի, որքա՞ն կլինի, կլինի՞ արդյոք, թե՞ չի լինի, կկարողանա՞նք իրացնել, թե՞ չենք կարողանա, կկարողանա՞նք արտահանել, թե՞ ոչ, այսինքն՝ մի պրոբլեմը դեռ չլուծած՝ կանգնելու ենք մեկ ուրիշի առաջ:

Դրա համար այսօրվանից պիտի սկսել աշխատել՝ առանց կանգ առնելու, քայլ առ քայլ գնալ առաջ, ոչ թե նստել ու սպասել, թե առաջիկայում ինչ կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վազգեն Սաֆարյանը:

Հարցին՝ գյուղատնտեսությունն որքա՞ն անկում կարձանագրի և դա ինչքանո՞վ կարտահայտվի մեր ընդհանուր ՀՆԱ-ի մեջ, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Օրինակ՝ նախորդ տարի մեր ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսության ծավալը կազմում էր 31.2 տոկոս: Այս տարվա ամփոփ տվյալները, պարզ է, որ դեռ չունենք, սակայն պետք է հաշվի առնենք, որ տարբեր տնտեսագետներ, ֆինանսիստներ ու տնտեսական բլոկի պատասխանատու պաշտոնյաներն արդեն իսկ 2020-ի համար տնտեսական անկում են կանխատեսում, տարբեր գնահատականներ ու հաշվարկներ են ներկայացնում, Վիճվարչության պաշտոնական ցուցանիշներն էլ են դրա մասին փաստում, ինչը նշանակում է, որ այս տարի և՛ գյուղատնտեսության, և՛ արդյունաբերության, և՛ տուրիզմի, և՛ մնացյալ ոլորտներում անկումն անխուսափելի է լինելու: Կոնկրետ գյուղատնտեսության մասով անկման կոնկրետ թիվ կամ տոկոս հիմա չեմ կարող ասել, որովհետև առջևում մի քանի ամիս կա մինչ տարեվերջ, և գյուղատնտեսությունն էլ բավականին ռիսկային և առանձնահատուկ ոլորտ է, որի բարելավումը կամ անկումը պայմանավորվում է բազմաթիվ գործոններով: Կարծում եմ, որ առաջիկա մեկ-երկու տարում նոր միայն ոլորտը կկարողանա վերականգնվել: Բայց դրա համար չպետք է ձեռքերը ծալած նստել, այլ ամեն օր աշխատել ու աշխատել այս ուղղությամբ: Պետությունը բազմաթիվ հարցերում պիտի հենվի իր գյուղոլորտի վրա՝ սկսած պարենային հարցերի ապահովումից, վերջացրած տնտեսական աճով, բայց դրա համար, նախ և առաջ, պիտի գյուղացու թիկունքին կանգնի»:

 

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031