Այն, որ համացանցը, հատկապես սոցիալական կայքերը, փոխել են հայերենի արտահայտչամիջոցները, ակնհայտ է: Էլ հոդերի փոփոխություններ, էլ «է» օժանդակ բայի փոխակերպում «ա»-ով, օտար բառերի գործածություն և այլն: Գիտությունների ազգային ակադեմիայի Հր. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանի հետ զրուցել ենք՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում մեր լեզվի հետ և ուր ենք «գնում» այս տեմպերով:
– Պարոն Կատվալյան, Ձեր ղեկավարած ինստիտուտը ակադեմիական կառույց է, այդուհանդերձ անո՞ւմ եք ուսումնասիրություններ, թե ինչ է տեղի ունենում հայերենի իմացության հետ, ի՞նչ պատկեր է տիրում:
– Անշուշտ, բացի գիտական հետազոտություններից, ուսումնասիրում ենք նաև կենդանի խոսքը: Դրանք կարող են լինել ինչպես գրական լեզուն, այնպես էլ խոսակցական լեզուն, բարբառները: Արդեն մի քանի տարի է՝ հրապարակում ենք նորաբանությունների բառարան, որտեղ զետեղվում են հատկապես բառապաշարի նորությունները: Մի կողմից՝ գրական լեզվում աղավաղումները շատ են, մյուս կողմից՝ անընդհատ զգոն ենք դրանց հանդեպ:
– Ասացիք՝ նորաբանությունները շատ են. դրանք հայերեն բառերի նոր կազմություննե՞ր են, թե՞ օտարամուծություններ:
Կարդացեք նաև
– Երկուսն էլ կան: Արմատների վրա նոր բառակազմություններ են ի հայտ գալիս: Օրինակ՝ «պահադարան», «զավեշտապատկեր», «գաղտնագործունեություն» (կոնսպիրոլոգիա), «իմիջավորում» և այլն: Բոլոր այն բառերը, որոնք հրապարակային խոսքում դրսևորվում են, բայց բառարանային գրանցում չունեն, դիտարկվում են իբրև նորաբանություններ: Բառերը միայն մտավորականները չէ, որ ստեղծում են, ժողովուրդն էլ է ստեղծագործում, և մեր լեզուն նաև այդպես է հարստանում:
– Որքանո՞վ են արտաքին ակտիվ շփումները, համացանցն ազդում լեզվի փոփոխության վրա:
-Արտաքին գործոնները շատ-շատ են ազդում լեզվամտածողության վրա: 5-7-րդ դարերում հունաբան հայերենի շրջանն էր, երբ մեր լեզուն սկսեց ազդեցություն կրել հունարենից, 14-րդ դարից սկսած այդ ազդեցությունն արդեն լատիներենից էր, խորհրդային տարիներին՝ ռուսերենից: Կյանք ներխուժած տեխնիկական հնարավորությունները պարզապես հեղափոխական միջամտություն են ունենում լեզվի վրա: Սոցիալական ցանցերում երկուսն էլ կան՝ խոսակցական հայերենն էլ, գրական լեզուն էլ: Երկուսն էլ մերն են և գոյության իրավունք ունեն: Բայց եթե, այլաբանորեն ասած, խոսակցական լեզուն մեր տնային հագուստն է, ապա արտահագուստը՝ դրսինը, պետք է լինի գրական հայերենը: Առօրյայում մարդիկ ազատ են խոսել ինչպես կամենում են, բայց հրապարակային լեզուն պետք լինի գրական:
Շատ են խախտում համացանցում հատկապես «է» օժանդակ բայի գործածության կանոնը, փոխարինում են «ա»-ով: Կրկին փոխաբերորեն ասած՝ «է»-ն մեր լեզվի փողկապն է: Ինչպես փողկապով մարդն է տարբերվում իր գեղեցիկ հագուկապով, իր բարեվարքությամբ, այնպես էլ «է» օժանդակ բայը գործածելիս ակնառու է, որ մարդը տիրապետում է գրական հայերենին: «է» -ն գրական հայերենի «դռան պահապանն» է, հենց այն փոխարինվում է «ա»-ով, անմիջապես փլուզվում է գրական լեզուն և սկսվում է խոսակցականը: Ցավոք, նույնը նկատելի է հեռուստատեսային եթերում. ավելի ու ավելի շատ հաղորդավարներ են իրենց խոսքը կառուցում «ա»-երով, ոչ գրական բառապաշարով, ցավալի է: Թյուր կարծիք է, թե խոսակցական հայերենը, նույն՝ «ա»-ն անմիջականություն են հաղորդում շփմանը, մեր Շիրակի մարզում, օրինակ, «է»-ով են խոսում, և ավելի կենդանի, ավելի անմիջական և հումորով խոսակցություն, քան Գյումրիի պարագայում է, չկա:
Նանե ՄԱԿՈՒՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում