Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք իրավունք չունի մեր դպրոցականներին եւ ուսանողներին զրկելու այդքան խոշոր ժառանգությունից․ «Ազգ»

Հուլիս 11,2020 10:10

Օրերս ես ինձ ստիպեցի կարդալ կրթության նախարարության ներկայացրած համապատասխան օրինագիծն ու դրա հիմնավորումները: Շուրջ 30 էջ ընթերցելու տաժանակիր աշխատանքից հետո եւս մեկ անգամ համոզվեցի, որ նման նախագիծը, խճողված եւ խճճված իրավաբանական դարձվածքներով ու տերմիններով, չի կարող հանրային, այն էլ` լայն քննարկման ներկայացվել: Մեկ է, մեր ժողովուրդը, հատկապես 400 հազար աշակերտների եւ ուսանողների ծնողների մեծամասնությունը ոչինչ պիտի չհասկանա, թե ի՛նչ կրթություն են ստանալու իրենց զավակները: Կարիք կա այն մարդավարի եւ հայավարի ձեւակերպումներով, ասենք` 10 կետերի մեջ, ներկայացնել հանրությանը, եթե իսկապես ուզում ենք, որ քննարկումը ստացվի: Հետեւաբար սպասելով այդ երջանիկ օրվան, երբ վերջապես կունենանք մի քանի պարզ հարցերի պատասխան, թե հանրակրթական դպրոցում ի՛նչ պետք է սովորի երեխան, ինչպե՛ս պետք է սովորի եւ ինչո՛ւ պետք է սովորի, անցնենք օրվա` չարչրկվող թեմային՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ճակատագրին:

Խոստանում են, որ այդ առարկան ներմուծվելու է հայ ժողովրդի պատմության ծրագրում: Չե՛մ հավատում, ինչպես չեմ հավատում, որ բուհական ծրագրերում հայագիտական առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական են լինելու: Չեմ հավատում, որովհետեւ այս կառավարությունը եւ խորհրդարանային այս մեծամասնությունը ազգային ինքնության հարցերում ցարդ վստահություն ներշնչող բան չի արել, լավագույն նախաձեռնություններն անգամ սկսել է վերջից` քանդելուց, առաջին սերնդի բոլշեւիկների նման: Բացի այդ, Հայ եկեղեցին մի բաժակ ջուր չի, որ փլավի մեջ խառնես:

Հայ եկեղեցու պատմությունը, ո՛չ այն իմաստով, որով շարադրվել է վերոհիշյալ դասագրքերում, նա՛եւ պետականության մեր պատմությունն է, եւ բնավ պատահական չէ, որ Մայր աթոռը դարերի ընթացքում անընդհատ տեղաշարժվել է այն բոլոր մայրաքաղաքներով մեկ, որտեղ պատմական պայմանների բերումով հաստատվել է Հայոց պետական գահը, իսկ վերջինիս բացակայության` իր վրա է վերցրել նրա շատ գործառույթները, ընդհուպ` բանակաշինությունը:

Ոչ ոք իրավունք չունի մեր դպրոցականներին եւ ուսանողներին զրկելու այդքան խոշոր ժառանգությունից: Առանց այդ ժառանգության մենք երբեք չենք ունենա հպա՛րտ քաղաքացիներ:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031