Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիմնական ճանապարhը սեփական օրինակն է

Հուլիս 11,2020 10:00

Ինչ անել այն մարդկանց հետ, որոնք ոչ պատշաճ բառապաշար են կիրառում հրապարակային խոսքում: Ժամանակ առ ժամանակ տարբեր հարթակներում նման քննարկումներ են ծավալվում: Իմ պատասխանը միանշանակ է՝ ոչ մի բան էլ պետք չէ անել: Այդ խոսքը կհնչի այնքան ժամանակ, որքան ցանկացողներ կլինեն այն «լայքելու» եւ «սրտիկելու»: Եթե մարդը նստում է հեռուստախցիկի, վեբկամերայի կամ պարզապես ստեղնաշարի առջեւ եւ ի ցույց է դնում իր վատ դաստիարակությունը, երբեմն նաեւ՝ փողոցային բառապաշարով ինչ-որ մեկին «քլնգում» է, իսկ դրանից հետո ֆեյսբուքյան օգտատերերը ու կայքերն այդ մենախոսությունը տարածում են՝ «այսինչի ջախջախիչ պատասխանն այնինչին» վերտառությամբ, այդ անձնավորությունն, ամենայն հավանականությամբ, նման արձագանքից ոգեւորված, դա կանի երկրորդ, երրորդ, տասներորդ անգամ:

Մարդկանց մեծ մասը մտնում է սոցիալական ցանց՝ ինչ-որ մեկին «ջախջախելու» կամ ուրիշի «ջախջախիչ հարվածներով» ուրախանալու համար: Ընդ որում այդպես են վարվում նաեւ այն օգտատերերը, որոնք իրենց մտավորական են համարում եւ ունեն գիտական աստիճաններ: Ի՞նչ կարելի է նրանց հետ անել: Ոչ մի բան, բացի չկարդալուց: Ում դուր է գալիս, բնականաբար, թող կարդա:

Իսկ լրատվամիջոցնե՞րը: Դրանց մի մասն, իհարկե, նույն «թրենդի» մեջ է: Բայց կան մի քանիսը, որոնք ինքնակամ հետեւում են ինքնակարգավորման՝ աշխարհում ընդունված կանոններին: Հայաստանում գոյություն ունեն նաեւ ինքնակարգավորման մարմիններ, որոնց գործունեությունը «ծածկում է» հրապարակային խոսքի փոքր մասը, բայց միեւնույն է՝ այդ կառույցների աշխատանքը կարեւոր է՝ որոշակի էթիկական եւ մասնագիտական ստանդարտներ սահմանելու առումով:

Սակայն խնդիրների հիմնական լուծումը ես տեսնում եմ լրատվամիջոցներում, ֆեյսբուքում եւ կյանքի բոլոր մնացած ոլորտներում օրինակ ծառայելու մեջ: Երբ ես հայտարարում եմ՝ «այդպես պետք է լինի», ես կարծես թե ուզում եմ ասել՝ «տեսեք, ես որքան լավն եմ ու անթերի, եւ ինձ իրավունք եմ վերապահում գնահատականներ տալու ու որոշելու, թե ով է որակյալ, ով՝ անորակ: Իրականում լրատվամիջոցների համար միշտ եղել է եւ այսօր էլ կա վարքագծի երկու տեսակ. 1/ ասել այն, ինչ մարդիկ ուզում են լսել, հրապարակել այն կարծիքները, որոնք քեզ են հոգեհարազատ, 2/ ասել այն, ինչ մտածում ես եւ ինչը ճշմարտություն ես համարում, հրապարակել բոլոր կարծիքները (պահպանելով, իհարկե, օրենքի պահանջները եւ էթիկայի կանոնները): Ես ընտրում եմ երկրորդ մոտեցումը, որի կիրառումը ենթադրում է նաեւ որոշակի «դիմադրողականություն»՝ հասարակական կարծիքի հանդեպ: Լրատվամիջոցներին, որոնք առաջին մոտեցումն են որդեգրում, ես նույնպես հարգում եմ: Եթե կան մարդիկ, որոնց իմ օրինակը ոգեւորում է, շատ ուրախ եմ, բայց եթե աշխարհիս երեսին նման մարդիկ չկան՝ դա էլ եմ նորմալ համարում: Իսկ թե ինչ են գրում ֆեյսբուքում եւ «ֆեյսբուքատիպ լրատվամիջոցներում»՝ իրենց գործն է: Բոլորն էլ տեղ ունեն այս արեւի տակ:

Հոգեւոր գրքերից մեկում վերջերս կարդացի՝ «Բոլոր դեպքերում ասա. «Ես ո՞վ եմ» եւ մի դատիր ոչ մեկին: Քո մասին երբեք ոչ մի լավ բան մի ասա»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    50-100 տարի հետո, հնարավոր է, այսօրվա մասին կխոսեն Նիկոլի թվի մասի կամ կմոռանան ճիշտ այնպես, ինչպես այսօր մոռացվել է դաշնակցական կառավարության առաջնորդների դավաճանության մասին:
    Հիշեցնեմ.
    Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքվել է այդ ժամանակաշրջանում Թուրքիայի դեռևս չճանաչված քեմալական կառավարության և Հայաստանի Առաջին հանրապետության կառավարության կողմից, որոնք իրականում կորցրել էին իշխանությունը 1920-ի դեկտեմբերի 2-ից 3-ը Ալեքսանդրապոլում (ժամանակակից Գյումրի): Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ: Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից: Երևանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։
    Դավաճանեցին ազգին և փախան:
    Հարյուր տարի անց հայտնվեց Լևոնի թևի տակ մեծացած, Բլեյանի դպրոց անցած, «քաղաքական» դեմք Սերժի Նիկոլը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031