Հարցազրույց ինտերիերի եւ էքստերիերի դիզայներ Վահե Քոթանյանի հետ
– Ձեր անունը «Առավոտի» եւ արվեստասեր հասարակության ուշադրությունը գրավեց դեռեւս 2018թ. «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակներում կայացած միջոցառումներից մեկի ժամանակ, որտեղ ինտերակտիվ թատերական ինստալյացիայի ձեւաչափով ներկայացրել էիք Երեւանում տեղադրված մի քանի արձաններ։ Այդպիսով փորձել էիք «կենդանացնել» հին Էրիվանը Ալեքսանդր Թամանյանի, Կարաբալայի եւ Ջուր ծախող տղայի արձաններին շունչ տալով…
– Նախագիծն իրականացվել էր «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ»-ի նախաձեռնությամբ եւ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Իսկապես, դերասանների խաղով ձեր հիշատակած հայտնի կերպարներին վերակենդանացրել էինք, որոնք պարզապես շրջում էին մերօրյա Երեւանում, տարածելով հին Էրիվանի շունչը։
– Հետաքրքիր է՝ այդ նախագիծը մնաց զուտ միջոցառման շրջանակո՞ւմ, թե…
Կարդացեք նաև
– Տեսեք. մեր ժամանակներում Ռուսաստանում, Եվրոպայի տարբեր երկրներում հենց փողոցներում կարելի է հանդիպել իրենց հայտնի «հին» կերպարներին՝ պարզապես շրջելիս, ինչը իսկապես դիտարժան է, մանավանդ զբոսաշրջիկներ համար։ Պատկերացնենք, որ մի օր, թեկուզեւ ձեր նշած կերպարները, շրջում են երեւանյան փողոցներում, ինչը հետաքրքրություն կառաջացնի նաեւ երեխաների շրջանում. չէ՞ որ նրանք կտեսնեն միջավայրից առանձնացած դեմքեր եւ հետեւաբար ծնողից կհետաքրքրվեն, թե ովքեր են նրանք… Այսպիսով դեռեւս փոքր տարիքից նրանց մեջ կձեւավորվի ազգային ինքնաճանաչողության, դիմագծի տարրեր։
Կադրեր «Ազգային երաժշտության թանգարան» նախագծից։
– Հիանալի կլիներ, որ ունենայինք հին Էրիվանը ներկայացնող, ասենք, «մշակութային փողոց»։ Կարծում ենք՝ որպես մասնագետ տեսնում եք դրա նույնիսկ անհրաժեշտությունը, բայց ինչպե՞ս եք պատկերացնում դրա իրականացումը։
– Օգտագործեցիք «մշակութային փողոց» արտահայտությունը։ Իսկ Երեւանում ունենք հենց մշակութային բազմաթիվ փողոցներ, օրինակ՝ Արամի փողոցը, որը մեր դասական ճարտարապետությունը ներկայացնող լավագույն կերպարային հատվածն է։ Նշենք, որ այն ներկայումս ունի պահպանման խնդիր, թեկուզ այն նվազագույնը, ինչը մնացել է։
– Ի՞նչ կարծիք ունեք ներկայիս Երեւանի ճարտարապետության մասին։ Նշենք, որ մեզ հետ զրույցներում տարբեր սերնդի ձեր գործընկերները այն որակել են խայտաբղետ, ոչ կանոնիկ։ Փողոցներում հին շինության կողքին հանդիպում ենք բազմահարկ նորակառույց շենքերի շարան եւ մեր զրուցակիցները քանիցս դժգոհել են, որ նման տեսարանները հատկապես մայրաքաղաքին հարիր չեն, շեշտելով, որ անհրաժեշտ է, որ մայրաքաղաքի դիզայնի տեսանկյունից պահպանվի հնի ու նորի ճիշտ համադրությունը։
– Իրավացի եք, հաճախ հանդիպում ենք միեւնույն չափի ու ձեւի մեջ անհասկանալի «կուբիկաշարերի»։ Դա վերաբերում է նաեւ նորակառույցներին։ 21-րդ դարում ենք։ Խնդիրը պետք է լուծել գրագետ, երբեք նորը չպետք է դուրս մղի հնին։ Մանավանդ եվրոպական երկրներում ականատեսն ենք լինում էսթետիկ միջավայրերի, որտեղ նորը կարծես լրացնում է հնին։
– Օրերս եք ավարտել Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը եւ, մեզ հասած տեղեկություններով, ձեր դիպլոմային աշխատանքը ճանաչվել է լավագույնը։ Կներկայացնե՞ք այն։
– Ներկայացրել էի Ազգային երաժշտության թանգարանի ինտերիեր 3D ձեւաչափով՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի շենքում, ոչ ստանդարտ լուծումներով…
– Ինչո՞ւ հատկապես երաժշտության թանգարան։ Մայրաքաղաքում երաժշտարվեստին ծառայող նման կառույցների պակաս կարծես թե չունենք։ Ուրիշ բան է, որ ձեր նախագիծը ներկայացներ պարարվեստի ոլորտը, քանի որ մեր պետական պարային կոլեկտիվները ոչ նախկինում, ոչ այսօր, չունեն պրոֆեսիոնալ բեմ…
– Մենք չունենք ազգային երաժշտության համահավաք թանգարան, որտեղ ներկայացված կլինի հայ երաժշտարվեստի ողջ մշակույթը՝ սկսած 3-4-րդ դարից մինչեւ 21-րդ դար։ Իմ նախագծում ներկայացված է նշածս ժամանակաշրջանը՝ հարկերով, որտեղ տեղ են գտել դարաշրջանների ազգային երաժշտական գործիքներից մինչեւ կոմպոզիտորական արվեստ, անհատ կատարողներ եւ այլն։ Միեւնույն ժամանակ այցելուին կհրամցվի տվյալ ժամանակահատվածում նաեւ Եվրոպայում կայացած երաժշտական ոլորտի զարգացումները։ Նախատեսված է առանձին սրահ՝ ներառական կրթություն իրականացնելու եւ բնակչության սակավաշարժ խմբի համար (նկատի ունի կույր, լսողական եւ հենաշարժողական խնդիրներով արվեստասերներին) երաժշտության հետ առնչվելու համար։ Հասկանալի պատճառով հարկաբաժինները մանրամասն չեմ կարող ներկայացնել, բայց մի փաստ արձանագրեմ. «ՀայԱրտը» հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող այցելուների համար, որի լուծումը կա իմ նախագծում։
– Նախագիծը նպատակ ունե՞ք իրականացնելու։
– Պատրաստվում եմ նախագիծս ներկայացնել քաղաքապետարան։ Հուսով եմ` ընթացք կտան, քանի որ պրոֆեսորներս այն որակել են յուրօրինակ եւ, ինչպես դուք նշեցիք՝ դասել տարվա լավագույն աշխատանքների ցանկում։ Ընդ որում, դասախոսներս բարձրաձայնել են աշխատանքիս իրականացման անհրաժեշտության մասին եւս։ Մի տեսակ վստահ եմ, որ քաղաքապետարանը ուշադրության կարժանացնի։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
10.07.2020
Նոր բան չկա: