Լրահոս
Օրվա լրահոսը

«Նամակ ռուսաց թագավորին». Մոսկվայում մահացածի հայրը պահանջում է արտաշիրիմում

Հուլիս 11,2020 13:00

«Առավոտ»-ին է դիմել անցյալ տարվա հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անհայտ հանգամանքներում մահացած Մհեր Համբարձումյանի հայրը`Ռուբեն Համբարձումյանը:

Նա տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին որդին կնոջ հետ (ամուսնացել էին մեկ տարի առաջ) գնացել էին Մոսկվա:

30-ամյա Մհերը եղել է ֆիզիկապես առողջ, նախկինում զբաղվել է ֆուտբոլով, արյան դոնոր է եղել:

Հայրը Երեւանում, հիվանդանոցում է գտնվել, երբ իմացել է որդու մահվան մասին:

Ըստ նրա, դիահերձմանը չի մասնակցել նրա կինը: Հայրը պահանջում է, որպեսզի Ռուսաստանի քննչական խմբի վրա հսկողություն լինի, ըստ նրա՝ որդու վրա կան բռնության բազմաթիվ հետքեր, մարմնի տարբեր մասերում, պարանոցին: Հոկտեմբերի 20-ին տղայի դին բերվել է Հայաստան: Հոր ձեռքի տակ են  բազմաթիվ նկարներ, որոնք սարսափելի են, անգամ հեռվից նայելը:

Նա նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլ. Պուտինին, որպեսզի հսկողության տակ վերցնի նախաքննական մարմնում առկա իր տղայի գործը, տեղեկացնում է, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, պահանջում է արտաշիրիմում:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Արեւիկ Խաչատրյանն «Առավոտ» -ի հարցին, թե Ռուբեն Համբարձումյանի դիմումի հետ կապված ի՞նչ քայլեր է ձեռնարկել դատախազությունը, պատասխանեց, որ  տուժողի հորը ընդունել են գլխավոր դատախազությունում, նրան տրվել է պարզաբանում: Ռուսաստանում լրացուցիչ նյութերի նախապատրաստման փուլն է, իսկ այս գործով էլ հսկող դատախազը Շուշանիկ Իսրայելյանն է:

Ռ.Համբարձումյանը տեղեկացրեց մեզ, որ խոսքը այս տարվա փետրվարի 28-ին  ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կազմակերպված ընդունելության մասին է (վարչության պետ՝ Ա. Հարությունյան):

Տեղեկացնեմ նաեւ, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Դ. Մելքոնյանը  դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին (անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին). «Առաջարկում եմ «Հյուպատոսական հարաբերությունների մասին» 24.04.1963թ. Վիեննայի կոնվենցիայի  5-րդ եւ 36-րդ հոդվածների համաձայն` ՀՀ հյուպատոսական ծառայությունների միջոցով ՀՀ քաղաքացուն ցուցաբերել համապատասխան աջակցություն` արդյունքների մասին հայտնելով դիմումատուին: Միաժամանակ հայտնում եմ, որ Ռ.Համբարձումյանի դիմումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից թարգմանվել եւ ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը չունի հնարավորություն հետեւելու իր որդու մահվան՝ նրա պնդմամբ՝ սպանության գործի նախաքննության ընթացքին, ստանում է նամակ, որով Ռուսաստանի իրավապահները հորդորում են որդեկորույս հորը՝ «Դուք ունեք իրավունք բողոքելու իրավապահ բարձրագույն մարմիններին, եթե  համաձայն չեք քննության ընթացքին, այդ թվում ՌԴ  ՆԳՆ-ին, ՌԴ քննչական կոմիտեին, ՌԴ գլխավոր դատախազությանը»: Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Ա. Շանինի նամակ-գրությամբ էլ գրեթե նույն խորհուրդն էր տրվել:

Հայրը իրեն համարելով տուժողի իրավահաջորդ, տեղյակ չէ, թե ինչից է մահացել կամ սպանվել որդին՝ թունավորե՞լ են, խեղդամա՞հ արել, թե՞ մի այլ բան, նա անգամ կարգավիճակ չունի ՌԴ իրավապահ մարմինների կողմից:

Հոր ձեռքի տակ է միայն անցյալ տարվա  հոկտեմբերի 19-ի թվագրությամբ Մոսկվայի մարզի Լոբնյա քաղաքում, որտեղ որդին մահացել է, տրված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որտեղ մահվան պատճառը՝ սյունակը բաց է թողնված:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031