Սիրավեպ, որ այդպես էլ շարունակություն չունեցավ
Ռեժիսոր Վասիլի Պիչուլի նկարահանած «Փոքրիկ Վերան» ֆիլմը, որի պրեմիերան կայացել էր 1988 թվականի մարտին, բավականին աղմուկ հանեց «բաց» տեսարանների համար:
Թեթեւ վարքի տեր Վերային ֆիլմում մարմնավորել էր Նատալյա Նեգոդան, որի անունը հոլովվում էր տաղանդավոր դերասան Միխայիլ Եֆրեմովի հետ սիրավեպի համատեքստում:
Վերջինս ոչ միայն լավ դերասանի համբավ ուներ, այլեւ կանացի սրտեր նվաճողի:
Նատալյան եւ Միխայիլը սիրավեպ ունեին, սակայն, ըստ kultutologia.ru-ի, դերասանուհին կտրականապես հրաժարվում է հիշատակել իրենց ռոմանտիկ հարաբերությունների մասին:
Միխայիլ Եֆրեմովն ու Նատալյա Նեգոդան ծանոթացել էին հեռավոր ութսունականներին, երբ միասին սովորում էին ՄԽԱՏ-ի թատրոն-ստուդիայում: Ասում են՝ ստուդիայի բոլոր ուսանողները սիրահարված էին խարիզմատիկ ու գեղեցկադեմ երիտասարդին, որը հասցրել էր ծառայել բանակում եւ անգամ նկարահանվել մի քանի ֆիլմերում:
Սկզբում Նատալյան անտարբեր էր Եֆրեմով-կրտսերի սիրահետումների հանդեպ, սակայն եկավ մի շրջան, երբ նրանք սկսեցին մտերմանալ:
Երբ Միխայիլ Եֆրեմովը ձեւական ամուսնություն գրանցեց Ելենա Գոլյանովայի հետ, որպեսզի վերջինս կարողանա բնակարանի հարց լուծել, Նատալյան ծիծաղում էր այդ կեղծ միության վրա՝ այն որակելով Միշայի ամուսնական կյանքի գլխավոր փորձ: Նա ամուսնության առաջարկ ստացավ Միխայիլ Եֆրեմովից, սակայն հրաժարվեց կյանքը կապել նրա հետ:
Այդ ժամանակ դերասանուհին նկարահանվում էր «Փոքրիկ Վերան» ֆիլմում, ավելի շատ հետաքրքրված էր կինոյով եւ կարիերայով: Նրանք բաժանվեցին եւ մի որոշ ժամանակ անց կրկին միացան, բայց դրան էլի հաջորդեց բաժանումը: Նատալյան պարզեց, որ Միխայիլ Եֆրեմովը իրենից բացի, եւս մեկ մտերիմ ընկերուհի ունի՝ դերասանուհի Նատալյա Իոնովան: Հենց դա էլ պատճառ հանդիսացավ, որ նա խզի կապերը սիրած տղամարդու հետ: Յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով, Եֆրեմովը հասցրեց մի քանի անգամ ամուսնանալ, ամուսնացավ նաեւ Նատալյան, մեկնեց ԱՄՆ, նկարահանվեց «Փլեյ Բոյի» համար:
Նրանց մտերիմները զգում էին, որ դերասանները սիրում են միմյանց, բայց երկուսն էլ մեծ երեխաների նման էին իրենց պահում: Նատալյան երազում էր իր կողքին տեսնել տղամարդու, որը հոգ կտանի իր մասին ոչ միայն կյանքում, այլեւ կարիերայում, ինչ վերաբերում է Միխայիլին, նա էլ սովոր չէր պատասխանատվություն կրել իր արարքների համար:
Անգամ վերջերս դերասանի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային դժբախտ պատահարի թեմայով սոցցանցային քննարկումներին Նատալյան չի մասնակցել, հավանաբար չցանկանալով սեւացնել պատանեկան սիրո գեղեցիկ հուշերը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
10.07.2020