Քաղաքացի Սերգեյ Ղազարյանն այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանից եւ Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ե՞րբ կփոխվի ամբողջ դատական համակարգը եւ ե՞րբ համոզված կլինեն, որ յուրաքանչյուր դատական որոշում արդարացի է:
Պատգամավորները քաղաքացիների հարցերին պատասխանեցին ՔՊ-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:
«Դատական իշխանությունում եւ դատական համակարգում կան բազմաթիվ դատավորներ, որոնց փոխելու անհրաժեշտությունն ամենեւին չկա, բայց, միեւնույն ժամանակ դա չի նշանակում, որ մենք դատական իշխանությունում տարիներով ձեւավորված խնդիրներ չունենք»,-ասաց Սուրեն Գրիգորյանը՝ նշելով, որ երազանքի շարքից է, երբ լինի այնպիսի իրավիճակ, որ դատարանի բոլոր որոշումները կլինեն արդար. «Գործնականում դրան հասնելը շատ բարդ է: Եթե, անգամ, պետությունը կատարի բոլոր գործողությունները, որպեսզի ամենապրոֆեսիոնալները, ամենահավասարակշռվածներն ու սկզբունքայինները դառնան դատավորներ, ամենալավ կիրառելի օրենքներն ընդունվեն եւ այլն, մենք միշտ պետք է հասկանանք, որ դատավարությունը մի պրոցես է, որտեղ երկու քաղաքացու հակադիր շահերի առերեսում ենք ունենում: Եվ, ակնկալել, որ այն անձիք, որոնք պարտվելու են դատավարության շրջանակներում, միշտ կլինի որոշակի դժգոհության աստիճան: Երբ մարդիկ պարտվում են, դժվար է լինում հավատալ դատարանի արդարությանը»:
Մարիա Կարապետյանը հավելեց, որ իրենք դատաիրավական բարեփոխումների համար ընտրել են մի ճանապարհ, որտեղ դատական համակարգը կինքնակարգավորվի. «Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհուրդը, մյուս մարմինները, որոնք օժտված են այդ մանդատով՝ հոգ տանել դատական համակարգի առողջացման համար, կսկսեն գործել եւ, աստիճանաբար, բոլոր արատավոր երեւույթները, որոնք տարիներ ի վեր խաթարել են հանրային վստահությունը դատարանի նկատմամբ, այդ արատավոր երեւույթները կվերանան»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ