Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանին եւ Սուրեն Գրիգորյանին ՔՊ-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հարց էր ուղղել՝ հունիս ամսվա պարգեւավճարը ստացե՞լ են, եւ հեգնական տոնով հավելել՝ եթե ժողովուրդն իմանա այդ ինքնազոհողության մասին, որ չեն ստացել, վճարման կոչով դուրս կգա փողոց:
Ի պատասխան Սուրեն Գրիգորյանն ասաց. «Փողոց դուրս գալ պետք չի, քանի որ արտակարգ դրության պայմաններում արգելված է: Ես ուղղակի բոլոր քաղաքացիներին խնդրում եմ այդ բառապաշարից՝ ժողովուրդը մեղք է, չքավոր է, աղքատ է եւ այլն, այդ բառապաշարից հրաժարվել, որովհետեւ, ես կարծում եմ, որ դա միայն նպաստում է նման երեւույթների խորացմանը կամ ձեւավորմանը այդպիսիք չկան: Ինչ վերաբերում է հունիս ամսվա պարգեւավճարին, մենք մարտ ամսից որեւիցե լումա պարգեւավճար չենք ստանում եւ ԱԺ նախագահը հայտարարել է, որ պարգեւավճարային ֆոնդը բացվելու է կորոնավիրուսի դեմ պայքարի համար»:
Պարոն Գրիգորյանն ասաց, որ պատգամավորի մաքուր աշխատավարձը՝ հանած բոլոր հարկերն ու տուրքերը կազմում է 461 հազար դրամ: Իսկ պարգեւավճարով 610 հազար դրամի կարգի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ». Հենց այսօր հրապարակվեց, որ Ազգային ժողովի աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ և աշխատողներ պարգևատրվել են՝ ամսական պաշտոնային դրույքի 125%-ի չափով։ Նման կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներով` կարգադրում եմ ԱԺ աշխատակազմում մի շարք պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 125%-ի չափով։ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է կարգադրության մեջ։