Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը եւ Սուրեն Գրիգորյանը ՔՊ-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանեցին քաղաքացիների հարցերին:
Անի Մինասյանի հարցին՝ ինչո՞ւ հանդես չեն գալիս նախաձեռնությամբ, որը թույլ կտա նոր դատախազ ընտրել, Սուրեն Գրիգորյանն ի պատասխան ասաց. «Եթե մենք ուզում ենք իրապես անկախ դատախազություն ունենալ, որը ծառայում է օրենքին, արդարադատությանը եւ ոչ թե օրվա իշխանությանը, գլխավոր դատախազին պետք է տրված լինեն որոշակի երաշխիքներ, որոնք տրված են այսօրվա օրենքով եւ Սահմանադրությամբ եւ թյուր է այն կարծիքը, որ Ազգային ժողովը կամ որեւէ այլ պաշտոնյա, ուղղակի կարող է, պարզապես մի օր որոշել եւ գլխավոր դատախազին պաշտոնանկ անել եւ ընտրել նոր դատախազ: Բայց դրա հիմքերն էլ, ես, անկեղծ ասած, չեմ տեսնում»:
Սուրեն Գրիգորյանի խոսքով, մեխանիզմի առումով դա հայեցողական պաշտոն չէ, որ մեկը լինի հանես աշխատանքից եւ վաղը մյուսին նշանակես. «Երկրորդ՝ բովանդակային առումով, ընթացիկ քրեական գործերը, այո կարող են ամեն ինչ հարթ չգնալ, բայց ընդհանուր, ես չեմ կարող դատախազության աշխատանքն անբավարար գնահատել: Ասեմ ավելին, որ տրամաբանական որոշակի շղթա կա, որ դատախազն Ազգային ժողովում անընդհատ տարեկան հաղորդմամբ է հանդես գալիս եւ ենթադրվում է, եթե դրա մասով կա բովանդակային ոչ բավարարվածություն պատգամավորների, քաղաքական ուժերի կողմից, իրենք դրա մասին պետք է արտահայտվեն եւ միգուցե որոշակի գործընթացներ սկսեն օրենքի շրջանակներում: Այդպիսի գործընթացներ մինչ այժմ անգամ մեր ընդդիմադիր գործընկերների կողմից սկսված չեն, չնայած իրենք հայտարարում են, որ պատրաստվում են»:
Մարիա Կարապետյանն ասաց, որ դատախազը պետք է հանցագործություն կատարած լինի կամ մեկ այլ բան, որպեսզի հնարավոր լինի նրա փոփոխության հարցը բարձրացնել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ