Խորհրդարանում հյուրընկալվել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանը
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը հուլիսի 10-ին հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր: Լիլիթ Մակունցը դեսպանին ներկայացրել է մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրականացվող օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումներին, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին:
Զրուցակիցները երկկողմ հարաբերությունների առաջմղման համատեքստում կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ընդգծելով հատկապես կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ընթացիկ հարցերը խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով կարգավորելու հանգամանքը: Այս առումով ընդգծվել է համաճարակի դեմ պայքարում Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ ջանքերի կարեւորությունը: Մտքեր են փոխանակվել այս օրերին կանոնավոր ավիափոխադրումների բացակայության պայմաններում ՀՀ եւ ՌԴ քաղաքացիների՝ իրենց երկրներ վերադարձի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:
ՀՀ Ազգային ժողով