Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ աշխարհում համաճարակային իրավիճակը գնալով խորանում և վատթարանում է: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսին, կորոնավիրուսի համավարակը աշխարհի մի շարք երկրներում վերահսկողությունից դուրս է, իսկ իրավիճակը գնալով վատանում է: Նա նաև նշել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը կրկնապատկվել է:
Համավարակից ամենատուժած երկրներում՝ Միացյալ Նահանգներ, Բրազիլիա, Հնդկաստան, իրավիճակի լավացման նախանշաններ չկան: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողությունը շատ հաճախ կապված չէ առողջապահական համակարգի զարգացվածության հետ: «Վիրուսն անդառնալի հարվածներ է հասցրել աշխարհի մի շարք հարուստ պետությունների առողջապահական համակարգերին, այն դեպքում, երբ որոշ երկրներ, որոնք ունեն համեստ միջոցներ, կարող են իրավիճակը կառավարելի դարձնել»,- նշել է Գեբրեյեսուսը։
Նշենք, որ աշխարհում կորոնավիորսւի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոն 500 հազարը, հիվանդության հետևանքով զոհվել է 559 հազար 587 մարդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ