Ուրբաթ` հուլիսի 10-ին ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Իրանի Իսլամական Հանրապետության դատապարտյալներն ու կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը:
Հիշեցնենք, որ նրանք հացադուլ էին հայտարարել հունիսի 22-ին ու ի սկզբանե բողոքավորները 28 հոգի էին:
Նրանցից մի քանիսը 5 օր հետո առողջական խնդիրների պատճառով դադարեցրել էին հացադուլը, իսկ 22 հոգուց 5 հոգի կիրակի օրվանից ինքնավնասման ձեւով կարել էին իրենց բերանները: Բողոքավորները պահանջում են իրենց արտահանձնել Իրան` հետագա պատիժը այնտեղ կրելու:
Միաժամանակ նրանք պահանջել էին հանդիպում Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զուհարիի հետ: Վերջինս չնայած չհանդիպեց դատապարտյալներին, սակայն ՔԿՀ-ի վարչակազմի միջոցով տեղեկացրել էր, որ հարցը անձամբ կքննարկի ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ, որից հետո հանդիպման արդյունքները կներկայացնի ազգությամբ պարսիկ դատապարտյալ անձանց: Նա նաեւ հորդորել էր դադարեցնել բողոքի ակցիան, համավարակի այս օրերին խնայել առողջությունը:
Դավիթ Արմենյան