Քաղաքացի Միքայել Մարգարյանը իր համախոհների հետ ավտոմեքենայով պտտվում էր Հանրապետության հրապարակում և բարձր երաժշտություն և կոչեր էր հնչեցնում։
Միքայել Մարգարյանի խոսքերով, իրենց էին միացել 30-ից ավելի մեքենաներ։
«Հարգելի՛ կառավարություն, հարգելի՛ կառավարության անդամներ, մի՛ անտեսեք հասարակ քաղաքացու խոսքը, մի՛ անտեսեք հասարակ քաղաքացու խնդրանքը, դուրս եկե՛ք հանդիպման, լսե՛ք մեր խնդիրների մասին։ Հարգելի՛ կառավարություն, մի՛ պախկվեք, դուրս եկե՛ք քաղաքացու հետ հանդիպման, դուրս եկե՛ք, լսե՛ք նրանց խնդիրները»,- կառավարությանն էին դիմում նրանք։
Հնչում էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները և հայտարարություններ՝ Նիկոլ Փաշինյանի ձայնի նմանակմամբ․ «Կրիր դիմակ՝ փակիր բերանդ, փրկի՛ր կաշիդ: Կրելով դիմակ՝ դուք նպաստում եք տնտեսության զարգացմանը: Կրեք նաև «Դուխով» գլխարկներ՝ հայրենիքը ձեզ չի մոռանա: Հայաստանի Հանրապետության սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը կործանման եզրին է։ Եթե դուք չկրեք դիմակ, ձեր գլխին կգա մահակ: Կրի՛ր դիմակ՝ փրկիր կյանքեր: Կրի՛ր գլխարկ՝ փրկի մազեր: Կեցցե՛ Արսեն Թորոսյանը, փա՛ռք Տիգրան Ավինյանին, կեցցե՛ Վալերի Օսիպյանը։ Ո՞նց Օսիպյանը չէ ոստիկանապետը, բա ո՞վ ա»։
Կարդացեք նաև
Ոստիկանները կանգնեցրին Միքայել Մարգարյանի մեքենան։ Ոստիկանության գնդապետը ասաց, որ հավաք են իրականացնում արտակարգ դրության պայմաններում։ Միքայել Մարգարյանը խնդրեց տրամադրել հավաքը բնութագրող որևէ փաստաթուղթ, սակայն ոստիկանության գնդապետը հորդորեց նրան դադարեցնել հավաքը։
Նրանք հեռացան Հանրապետության հրապարակից։
«Կամայական ոստիկանը կարող է ինչ-որ մի բան դիտել, համարել կամ չհամարել։ Ինքը որոշում է, որ սա հավաք է, և դիտվում է որպես հավաք։ Ի՞նչ փաստաթղթի հիման վրա, ո՞նց են նկարագրում հավաքը, որպեսզի քաղաքացին իմանա, ոչ մեկ չգիտի, անգամ չգիտի ոստիկանը, ինքը պարետից ստացել է կարգադրությունը»,- ասաց Միքայել Մարգարյանը՝ հավելելով, որ վերադառնում են հրապարակ։ «Ոստիկանությունից չստացա պատշաճ բացատրություն, ուստի՝ ես՝ որպես քաղաքացի, չեմ ընկալում սա որպես հավաք, որովհետև ինձ չտվեց այդ բացատրությունը։ Ես ունեմ խոսքի իրավունք, ես իմ խոսքի իրավունքը այսօր բարձրաձայնում եմ, ես իրագործում եմ ինձ սահմանադրորեն տրված խոսքի իրավունքը։ Եվ եթե ոստիկանը դա սահմանափակում է, ապա պարտավոր է դա ներկայացնել գոնե հոդվածով, չեմ ասում՝ տպած մոտն ունենա, չնայած՝ ոստիկանությունը երևիթե պետք է պատրաստված լինի գրավոր այս պահին ներկայացնելու։ Բայց գոնե բանավոր հոդվածով, որ ես փոխանցեմ փաստաբաններին, ու նրանք ճշտեն՝ արդյոք ոստիկանը չի չարաշահո՞ւմ պաշտոնը»։
Հանրապետության հրապարակում՝ առանց որևէ հայտարարությունների կամ երաժշտության պտույտ անելուց հետո, նրանք հեռացան հրապարակից։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ