Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախ ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Ողջունելով ՀՀ նախագահի այցն Արցախ՝ Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել ՀՀ իշխանությունների հետ փոխգործակցության բարձր մակարդակից՝ այդ համատեքստում թվարկելով այն ծրագրերը, որոնք իր պաշտոնավարման կարճ ժամանակամիջոցում հաջողվել է քննարկել և դրանց կյանքի կոչման համար նախանշել կոնկրետ ժամկետներ: Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ, չնայած համավարակի հարուցած տնտեսական խնդիրներին, Արցախն աշխատուժի կարիք շատ ունի, ինչն արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների համար հայրենիքում զբաղվածության խնդիրը լուծելու լավ հնարավորություն է: Անդրադառնալով հանրապետության ներքաղաքական կյանքին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ հաջողվել է քաղաքական ուժերի մեծ մասի հետ ստեղծել համընդհանուր միասնության ու համերաշխության մթնոլորտ, ինչը նպաստելու է հավաքական ջանքերով առկա խնդիրների լուծմանը:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլև ժողովրդավարական ու ազատ հանրապետություն է, ինչը մեկ անգամ ևս աշխարհը հնարավորություն է ունեցել տեսնելու նախագահական և խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ: Նա հաջողություններ է մաղթել Արայիկ Հարությունյանին բարդ ու դժվարին ժամանակահատվածում նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջինս իր փորձով ու գիտելիքներով կշարունակի հաջողությամբ ծառայել հայրենիքին:
Նախագահների առանձնազրուցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ