Aravot.am-ը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Քահանա Մելիքյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հարցազրույցներից:
«Ափսոսանք ապրեցինք՝ դիտելով ԿԳՄՍ նախարարի հարցազրույցները՝ տրված Հանրային հեռուստաընկերությանը և «Ազատություն» ռադիոկայանին։ Երկու դեպքում էլ նախարարի վարքագիծը և օգտագործված արտահայտությունները հարիր չէին երիտասարդ սերնդի կրթության պատասխանատվությունը ստանձնած պետական այրին»։
Հետաքրքրվեցինք նաեւ, թե որոնք են եղել Մայր Աթոռի գործողությունները՝ հանրակրթության չափորոշչի ստացումից հետո: «Հանրակրթության չափորոշչի նախագծի ստացումից հետո Մայր Աթոռում տեղի են ունեցել փաստաթղթի մի շարք քննարկումներ։ Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումն արդեն առաքվել է ԿԳՄՍ նախարարություն»,-ասաց տեր Վահրամը։
Կարդացեք նաև
Նա նաեւ ընդգծեց, որ որոշումները կայացնելիս, քայլերն իրականացնելիս պետք է նայել գալիք սերունդների աչքերին. «Ինքներս մեզ պետք է քննենք նրանց գնահատականի պրիզմակով։ Այս առումով պատասխանատվությունից որևէ մեկը, որևէ հաստատություն և կառույց չի խուսափի»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ