Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակն է ստեղծել արժեք՝ մասնակցություն ունենալով կենսաբանության, նյութագիտության և առանցքային այլ տեխնոլոգիաների միջազգային համայնքներում. ԵՄ Թումո լաբորատորիաների ծրագրերն ակտիվ ընթացքի մեջ են

Հուլիս 10,2020 18:00

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թումո լաբորատորիաները և ֆրանսիական հայտնի 42 դպրոց անվճար կրթական ծրագրերը նախատեսված են 18 տարեկանը լրացած ուսանողների և երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում են սովորել կամ խորացնել իրենց գիտելիքները տեխնոլոգիաների և ինժեներության ոլորտներում։

Արտակարգ դրության պայմաններում Թումո լաբերը կարճ ժամանակահատվածում անցավ նախագծերի հեռավար իրականացմանը։ Այս ընթացքում շարունակվել ու ավարտին են հասցվել արդեն մեկնարկած նախագծերը, ինչպես նաև մշակվել են նորերը։ Համագործակցելով տեղական և միջազգային ՏՏ ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ գերմանական Osensus֊ի հայաստանյան մասնաճյուղը, AOByte-ը, Healthcare Innovation Center-ը, TeamViewer Armenia-ն և բրիտանա֊հայկական Viciniti-ն և Garoon Tech-ը, վերջին մի քանի ամիսներին Թումո լաբորատորիաներն իրականացնում է արհեստական բանականության, 3D ծրագրավորման, IoT (Internet of Things), ինչպես նաև առողջապահական ոլորտի թվայնացմանն ու գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նախագծեր։ Այստեղ ուսանողները ստեղծում են հավելվածներ և ծրագրեր՝ միաժամանակ ստանալով արդիական ու շուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ և հմտություններ։

«Ինժեներությունը և կիրառական գիտությունները ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում Հայաստանի միջնաժամկետ հաջողության բանաձևի կարևորագույն գործոններից են: Մինչ ծրագրավորումը շարունակում է մնալ գերակա ուղղություն, այն այլևս չի կարող լինել նորարարության միակ հիմքը: ԵՄ Թումո համալիրի ռազմավարական նպատակն է ստեղծել արժեք՝ ակտիվ մասնակցություն ունենալով կենսաբանության, նյութագիտության, ճշգրիտ ճարտարագիտության և առանցքային այլ տեխնոլոգիաների միջազգային համայնքներում»,- նշում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։

ԵՄ Թումո համալիրի ևս մի մեծ նախագիծ է 42 ծրագրավորման դպրոցը։ Դրա կրթական ընթացքի առաջին փուլը կմեկնարկի արդեն այս տարի, իսկ մինչ այդ տեղի են ունենում ուսանողների ընտրության փուլերը։ Վերջին երեք ամիսների ընթացքում 42 է դիմել 2000-ից ավելի մասնակից, որոնցից միայն 450-ը կկարողանա մասնակցել գործնական ընտրական փուլին՝ սեպտեմբերին, իսկ նրանցից էլ 150 հաջողակները կդառնան 42 Երևանի հիմնական ծրագրի ուսանողներ։

Ինքնուսուցման յուրահատուկ կրթական ծրագրի շնորհիվ 42-ի ուսանողները մոտ 2 տարում դառնում են ծրագրավորման մրցունակ մասնագետներ, իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նույն ժամկետում դպրոցի շրջանավարտների 95%-ից ավելին գտնում է աշխատանք ՏՏ ոլորտում:

Նշենք նաև, որ շարունակվում է աշխատանքը համալիրի շենքի նախագծման շուրջ։ Միջազգային ճարտարապետական մրցույթի արդյունքում շինության դիզայնը վստահվել է հոլանդական ճանաչված MVRDV ճարտարապետական ստուդիային։ Համալիրը դառնալու է համագործակցությունների հանգույց, ունենալու է հասանելի ու հանրային բաց տարածք, ինչպես նաև լաբորատորիաներ, համաժողովների անցկացման սրահներ, գրասենյակային և կոմերցիոն հատվածներ: Շենքի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2021 թվականին։

Թումո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031