Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Եսայանը խոստանում է՝ «Բիլայն»-ի աշխատակիցների զանգվածային կրճատումներ չի անի

Հուլիս 10,2020 17:26

«Թիմ» ընկերության հիմնադիրը խոստանում է՝ «Բիլայն»-ի աշխատակիցների զանգվածային կրճատումներ չի անի: Այս մասին այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության ղեկավար Հայկ Եսայանը:

«Բիլայն»-ի աշխատակիցներն այսօր բողոքի ցույց էին անում հանձնաժողովի շենքի մոտ. նրանք մտավախություն ունեն, որ «Թիմ»-ի եւ «Բիլայն»-ի համակենտրոնացմամբ («Թիմ»-ը ձեռք է բերում «ՎԵՈՆ Արմենիա»-ի, ապրանքանիշը՝ Բիլայն, 100 տոկոս փայաբաժինը), «Բիլայն»-ի աշխատակիցները մեծ մասին կազատեն աշխատանքից կամ շատերը, եթե մնան էլ, կզբաղեցնեն իրենց մասնագիտական որակներին ոչ համապատասխան պաշտոններ:

«Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում եւ կարող եմ իրենց հանգստացնել, ասել՝ ոչ մի զանգվածային ազատումներ չեն լինելու, իրենց ներուժը մեզ  անհրաժեշտ է, իրենք բանիմաց թիմ են, մենք մարդկային ռեսուրսի կարիք ունենք: Վստահ ենք, որ միասին ավելի լավ ուժով կարող ենք զարգացնել»,-լրագրողներին ասաց Հայկ Եսայանը: Նա նշեց՝ վերջին տարիներին մշտապես ասել է, որ մարդկային ռեսուրսի ներգրավման խնդիր են ունեցել, իսկ այսօր դրա հնարավորությունն ունենում են, եւ հետեւաբար, ոչ թե աշխատակիցներ կկրճատեն, այլ՝ նոր աշխատատեղեր են ստեղծելու:

«Թիմ» ընկերությունը կորոնավիրուսի պայմաններում ամենամեծ քայլն է արել եւ ստեղծել է աշխատատեղեր, մենք ստեղծել ենք ընկերություն՝ 400 հոգի աշխատակազմով, մենք երկու ընկերությունների աշխատակազմերը միացնելու ենք եւ ունենալու ենք ավելի մեծ աշխատակազմ, քան կա «Բիլայն»- ում: Միանշանակ կարող եմ շեշտել, որ երկրում ավելի շատ աշխատատեղ է ստեղծվելու, քան երեկ կար»,-ասաց պարոն Եսայանը:

Ինչ վերաբերում է «Բիլայն»-ի աշխատակիցների այն մտահոգություններին, որ նրանցից շատերը կզբաղեցնեն իրենց մասնագիտական որակներին ոչ համապատասխան պաշտոններ, ապա պարոն Եսայանն ասաց. «Նման քննարկում մեզ մոտ չի եղել, եւ նման կերպ չենք վարվելու, նրանք աշխատում են ու այսօրվա խնդիրներ են լուծում, մենք ուզում ենք ավելի մեծ խնդիրներ դնեն: Ընկերությունը միշտ հասույթ է կորցրել, գնացել է կրճատումների, մենք հակառակ գործընթացն ենք անելու, մենք ավելացնելու ենք աշխատակիցների քանակը եւ հասույթները, ունենալու ենք էլ ավելի լավ ծառայություններ»:

Հայկ Եսայանը որոշակի կասկածներ ունի, որ որոշ շրջանակներ են «Բիլայն»-ի աշխատակիցների շրջանում տարածում կրճատումների մասին տեղեկություններ. «Չեմ կարող ասել, թե ինչու են նրանք անհանգստանում: Վստահ եմ՝ ինչ-որ ուժեր կան, որոնք հորդորում են մարդկանց նման կերպ մտածեն:

Իմ  տեղեկություններով  որոշ մարդիկ նման բաներ են հորդորում: Եթե հստակ աղբյուր լիներ՝ կգնայինք դատարան, բայց հասկացել ենք, որ մեդիա դաշտն  այնպիսին է, որ չես կարողանում… շատ բաներ են գրվել, այնքան ենք հերքել, հոգնել ենք: Պաշտոնապես ասում եմ՝ նման բան չկա»:

Պարոն Եսայանը վստահեցրեց՝ նվազագույնը վեց ամիս ոչ մի քայլ չեն անելու աշխատակիցների հաստիքների կրճատման կամ փոփոխման ուղղությամբ, երբ «Բիլայն»-ի՝ «Թիմ» ընկերությանը վաճառքի գործընթացն ավարտված կլինի եւ ընկերության ղեկավարը կունենա իրավասություն՝ կհանդիպի աշխատակիցների հետ: Իսկ թե  ով, ինչ պաշտոն կզբաղեցնի, նման խնդիր առայժմ, ըստ Եսայանի, դրված չէ:

ՏՄՊՊՀ-ն երեկ թույլատրել է «Թիմ» ՍՊԸ-ի եւ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ –ի համակենտրոնացումը, «Թիմ»-ը ձեռք է բերում «ՎԵՈՆ Արմենիա»-ի  100 տոկոս փայաբաժինը: Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ այս ուղղությամբ դրական որոշում կայացրեց: Մինչ հանձնաժողովում նիստն էր, «Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ցույց էին անում հանձնաժողովի շենքի մուտքի մոտ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031