Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսով վարակված լինելը ծածկադմբոց անելու և ինքնաբուժությամբ զբաղվելու ծանր հետևանքները

Հուլիս 10,2020 17:17

Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ լինում են դեպքեր, երբ մարդիկ գաղտնի են պահում կորոնավիրուսով վարակված լինելը, զբաղվում են ինքնաբուժությամբ, երբեմն էլ, չգիտես ինչու, ամաչում են, որ շրջապատն իմանա։

«Մի մասսա կա, որ, չգիտես ինչու, ամաչում է, որ հիվանդացել է, նույնիսկ զանգ եմ ունեցել, երբ ցանկություն են հայտնել համակարգչային տոմոգրաֆիա անցնելու, երբ հարցրել եմ՝ հո Covid-ով հիվա՞նդ չէ, սկզբում ասել են՝ չէ, չէ, իսկ հետո ասել են՝ հա, մի անգամ ջերմություն ունեցել է։

Ասել եմ՝ գրանցվեք ձեր առաջնային օղակում, իրենք անհրաժեշտության դեպքում ուղեգիր կտան, կգաք մեր հիվանդանոց անվճար ստուգման, ասել են՝ չէ, մենք վճարովի կանցնենք։ Այսինքն` այդ մասսան ամաչում է, ուզում է թաքցրած լինի, բայց սա շատ վտանգավոր է, իրենց շարժը հսկողության տակ չէ ու հնարավոր է վարակեն հարևաններին, շրջապատին։ Հետազոտումից հետո, եթե թեստավորվեն ու հսկողության տակ լինեն, դա ավելի ճիշտ է։

Արագ թեստերը հարյուր տոկոսանոց չեն ու ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ ու ասել, որ այսօր պետությունն ունի հնարավորություն թե՛ առաջնային օղակում, և թե՛ ստացիոնար բաժանմունքներում՝ անկախ հիվանդների քանակից, իրականացնել բարձր որակի՝ ՊՇՌ թեստավորում։ Իսկ մյուս թեստերը, որոնք թեև լավ են, որ հիվանդանալուց հետո ճշգրտում ես՝ կա օրգանիզմումդ հակամարմին, թե ՞ չկա, լավ է նաև այն առումով, որ եթե պիտի արտերկիր գնաս, կարող ես օգտագործել կարճաժամկետ` որ հիվանդ չես, բայց դրանք կարիք ունեն ՊՇՌ մեթոդով հստակեցվելու»։

Ավելի վաղ Արմեն Իսահակյանը մեզ հետ զրույցում Covid-ով հիվանդացած բնակիչներին հորդորել էր վերջ դնել ինքնաբուժմանը, քանի որ դրանք ծանր հետևանքներ են ունենում։ Ըստ նրա, լինում են դեպքեր, երբ բուժառուները չեն դիմում առաջնային օղակներ, սկսում են բուժումներ ինչ-որ բժիշկների մոտ, հետագայում նրանց ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են հիվանդանոց, երբեմն կյանքը փրկել չի հաջողվում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031