Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ցույց են անում. «Եթե անգործ մնանք՝ կթողնենք կգնանք երկրից»

Հուլիս 10,2020 16:39

Այս պահին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ բողոքի ցույց են անում «Բիլայն»-ի աշխատակիցները: Բանն այն է, որ երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ –ի եւ «Թիմ» ՍՊԸ-ի համակենտրոնացումը: Այսինքն, հանձնաժողովը թույլատրել է Թիմ» ՍՊԸ-ին ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիա» -ի (ապրանքանիշը՝ Բիլայն) 100 տոկոս փայաբաժինը:

Ըստ ՏՄՊՊՀ-ի, նաեւ սահմանվել է, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:

«Բիլայն»-ի աշխատակիցները դեմ են, որպեսզի ընկերությունը վաճառվի Հայկ եւ Ալեքսանդր Եսայանների հիմնադրած «Թիմ» ՍՊԸ-ին։ Նրանք մտահոգություն են հայտնում, որ ընկերությունների համակենտրոնացմամբ, շատերը գործազուրկ կդառնան կամ կզբաղեցնեն իրենց մասնագիտական որակներին ոչ համապատասխան պաշտոններ:

«Երկար տարիներ աշխատել ենք «Բիլաjնում», չգիտենք՝ ինչ կլինի մեզ հետ, կարող է վաղը մեզ աշխատանքից ազատեն: Եթե անգործ մնանք՝ կթողնենք կգնանք այս երկրից: Ոչ մի երաշխիք չունենք, որ մեր տեղը չեն զբաղեցնի «Թիմ» ընկերության սեփականատերեր Եսայան եղբայրների հետ «Յուքոմի»-ից հեռացած աշխատակիցները,-ասում են ցույցի մասնակիցները:

Ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ էին հղել, խնդրելով միջամտել գործընթացին:

Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել. որոշելու են վաճառքի մասին հարցը:

Հանձնաժողովի կայքում հրապարկված որոշման նախագծում նշված է.«Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 14-րդ հոդվածը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Համաձայնություն տալ Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր՝ «ՎԵՈՆ» ընկերությունների խմբում ընդգրկված «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնետոմսերը «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով տրված համաձայնությունը գործարքի կնքման համար վավեր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում:

3. Ընկերությանը՝ սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել դրան առնչվող փաստաթղթերը»։

Այսօրվա ցույցը բազմամարդ է, ցույցի մասնակիցները պահպանում էին ֆիզիկական հեռավորությունը, դիմակներ էին կրում, սակայն ոստիկանները պարբերաբար զգուշացնում էին, որ արտակարգ դրության պայմաններում արգելված է հավաքները, եւ հորդորում էին դադարեցնել ցույցը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031