Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռավար հանդիպմանը Ռոբերտ Քոչարյան հուսադրել է համակիրներին, նշելով, որ մեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ են հաղթահարել

Հուլիս 10,2020 15:50

Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր ավելի քան 70 համախոհների և աջակիցների հետ: Հանդիպման աշխարհագրությունն ընդգրկել է Հայաստանը, Արցախը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Կանադան, Ռուսաստանը եւ այլն:

Նախագահ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, որոնք անցած երկու տարում պայքարել են անարդարության, մեր նորագույն պատմության աղճատման փորձերի, Սահմանադրության եւ օրենքների ոտնահարման դեմ:

Zoom ձեւաչափով մեկժամյա հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը անկեղծ ու անմիջական շփման միջոցով պատասխանել է մի շարք հարցերի` Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության, Արցախյան հիմնախնդրի, պետության անվտանգության, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, հեռանկարների, աջակիցների հետագա անելիքների ու անձնական հարցերի վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանը խոստացել է աջակիցներին հետաքրքրող հարցերին առավել մանրամասնորեն անդրադառնալ առաջիկայում` արդեն նախատեսված հարցազրույցի ընթացքում:

Տեխնիկական սահմանափակումների պատճառով հանդիպմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել ոչ բոլորը, ուստի, նախագահը խոստացել է շարունակել հանդիպումներն այս ձեւաչափով:

Ամփոփելով առցանց հանդիպումը՝ նախագահ Քոչարյանը հույս է հայտնել, որ արդեն տեսանելի ապագայում՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով առկա սահմանափակումների վերացումից անմիջապես հետո, հնարավոր կլինի նաեւ առկա հանդիպումների անցկացումը։ Նա հուսադրել է համակիրներին, նշելով, որ մեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ են հաղթահարել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031