Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն աշխարհը նորովի պատկերացնելու հնարավորության. Բոբ Մարլիի երգը կվերաձայնագրվի ի աջակցություն աշխարհում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բոլոր գրասենյակների

Հուլիս 10,2020 15:33

Բոբ Մարլիի ընտանիքի անդամները նորովի են ներկայացնելու երջանկահիշատակ երգչի սիրո խորհրդանշական հիմնը՝ «Մեկ սեր»-ը, ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության: «Tuff Gong International»-ը և «Amplified Music»-ը հուլիսի 17-ին թողարկելու են ոգեշնչող այս երգի նոր տարբերակը:

Երգի և հարակից միջոցառումների արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ կանխելու համավարակի՝ երեխաների համար տևական ճգնաժամի վերածումն ու երաշխավորելու, որ համավարակից հետո յուրաքանչյուր երեխայի համար աշխարհը լինի ավելի արդար ու հավասար հնարավորություններով։

Այսօրվանից սկսած՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկեր զարդեր արտադրող աշխարհահռչակ ապրանքանիշը՝ PANDORA-ն, կկրկնապատկի արշավի համար հանգանակած յուրաքանչյուր դոլարը՝ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով։

«Ավելի քան 40 տարի առաջ է հայրս գրել «One Love»-ը միասնության, խաղաղության և համընդհանուր սիրո մասին։ Սա մի ժամանակաշրջան էր, երբ աշխարհում խռովությունները շատ էին: Նույնիսկ այսօր, երբ մենք ֆիզիկապես ի վիճակի չենք հավաքվել, նրա ուղերձն աշխարհին շարունակում է արդիական լինել՝ մենք կարող ենք հաղթահարել այս համաշխարհային ճգնաժամը, եթե համախմբվենք մեկ սիրո շուրջ և մեկ սրտի մեջ»,- նշել է Սեդելա Մարլին (Cedella Marley):

1977-ին Բոբ Մարլիի և Wailers-ի ձայնագրած ու աշխարհում միլիոնավոր մարդկանց ուղղված «One Love / People Get Ready» խորհրդանշական երգը արդիականությունը չկորցնող ուղերձ ունի՝ համախմբվել մեկ մարդու նման։ Երգի վերաիմաստավորված տարբերակը 2020 թվականին իսկական համաշխարհային օրհներգ կդառնա։ Մասնակցելու են Մարլի ընտանիքի անդամները, աշխարհի բոլոր անկյուններից հանրաճանաչ երաժիշտներ, հակամարտությունների գոտիներում բնակվող արվեստագետներ, ինչպես նաև՝ խոցելի համայնքներում ապրող երեխաներ:

««One Love»- ն ուղղակիորեն մեկ առանցքային ճշմարտություն է մատնանշում այս համավարակի մասին՝ համաշխարհային համերաշխության և համագործակցության միջոցով համավարակին հաղթելու և երեխաների համար հավասար, պակաս խտրական աշխարհ ստեղծելու մեր անսպառ հույսը»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Ուրախ ենք, որ Մարլի ընտանիքը և «Pandora»-ն միասին մեծահոգաբար աջակցում են մեզ՝ տրամադրելով իրենց ստեղծարար ներուժն ու սերը՝ հօգուտ ամենախոցելի երեխաների»:

Կորոնավիրուսը տակնուվրա է արել երեխաների կյանքը ողջ աշխարհում և անհավասարություններ սերմանել ինչպես պետությունների ներսում, այնպես էլ՝ պետությունների միջև: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում ամեն օր կանխարգելվող հիվանդություններից մանկական մահերի թիվը կարող է ավելանալ 6 000-ով, որոնցից գրեթե բոլորը (ավելի քան 90 տոկոսը) ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում, քանի որ համավարակը շարունակում է թուլացնել առողջապահական համակարգերը և խափանել մատուցվող ծառայությունները: Երեխաները նաև չափազանց խոցելի են կորոնավիրուսի անուղղակի
ազդեցությունների նկատմամբ, ինչպիսիք են դպրոցների փակումը, սննդի պակասը, առողջապահական հիմնական ծառայությունների սահմանափակ հասանելիությունը և բժշկական պարագաների մատակարարումների շղթայի խափանումները:

«One Love»-ի միջոցով արշավի համար հավաքագրված գումարները հնարավորություն կտան ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակներին՝ արձագանքել անհապաղ կարիքներին` երեխաների և ընտանիքների համար օճառ, դիմակներ, ձեռնոցներ, հիգիենայի պարագաներով հավաքածուներ, պաշտպանիչ սարքավորումներ և կենսարար նշանակության տեղեկատվական նյութեր տրամադրելու գործում և աջակցել վերականգնմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ կրթությանը, պաշտպանությանը և առողջապահական համակարգերին։

Ի աջակցություն երգի նոր տարբերակի պրեմիերայի, «TikTok» սոցիալական ցանցում երգի հրապարակման ժամանակ նոր հանրային մարտահրավեր կհայտարարվի: Լրացուցիչ մանրամասները կտրամադրվեն ավելի ուշ:

Հայաստանի երեխաներին աջակցելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրավիրում է բոլոր գործընկերներին, ՀՀ քաղաքացիներին և մասնավոր հատվածի ընկերություններին ևս մասնակցել «One Love» արշավին և հանգանակել, որպեսզի կարողանանք ձեռք բերել ախտորոշիչ թեսթեր և հիգիենայի պարագաներ դպրոցների և նախակրթարանների համար։

ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031