«Իշխանությունը եւ նրան հարող քարոզչամեքենան տարածեց, թե ՄԻԵԴ-ը մերժեց, «ապտակեց»…Նման մտքերը ողջամիտ պատկերացումներից դուրս են»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով այն փաստին, որ ԱԺ-ի ընդունած սահմանադրական փոփոխությունների արդյունքում լիազորությունները դադարեցրած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու ՍԴ երեք դատավորներ գանգատ են հղել մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
Նրա խոսքով՝ իրականում տեղի է ունեցել հետեւյալը. «ՍԴ գործող նախագահն ու երեք անդամները գանգատ էին մուտքագրել ՄԻԵԴ՝ վիճարկելով իրավական գործընթացներն իրենց հանդեպ: Սրան զուգահեռ՝ միջնորդել էին կիրառել համապատասխան կանոնակարգը, որը ենթադրում է հայցի ապահովում, որպեսզի գործընթացները կասեցվեն, մինչեւ ՄԻԵԴ-ը վերջնական որոշում կկայացնի այս գործով: ՄԻԵԴ-ը հայցի ապահովում կիրառելը համարել է ոչ նպատակահարմար: Ունենք այն, ինչ ունենք»:
Փաստաբանի խոսքով. «Այս պահին ՄԻԵԴ-ն ընդամենը հրաժարվել է կասեցնել գործընթացը, որը նախաձեռնել է իշխանությունը, իսկ գանգատի վերջնական մերժման վերաբերյալ ՄԻԵԴ-ը որոշման տեսքով դիրքորոշում չի հայտնել: Ուստի մանիպուլյատիվ հայտարարություններ են արվում, թե ՄԻԵԴ-ը ՍԴ գործող նախագահի եւ անդամների դիմումը մերժել է, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ