Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտերը համավարակի տարածման տեսանկյունից բարձր ռիսկ են ներկայացնում. ԲՀՀ Հայաստանն աջակցություն է տրամադրել՝ կանխելու քրեակատարողական հիմնարկներում վարակի լայն տարածումը

Հուլիս 10,2020 14:52

Փակ հաստատություններում մարդու իրավունքներն առավելապես խոցելի են, քանի որ այնտեղ մարդու ազատությունն ու  հանրային վերահսկողությունը սահմանափակված է:   Այս հաստատություններում անձինք գտնվում են պետության խնամքի և հսկողության ներքո, ուստի պետությունն ունի պարտավորություն նրանց կյանքի, անվտանգության, առողջության պահպանման, արժանապատվության նկատմամբ հարգալից վերաբերմունքի ապահովման և մարդու իրավունքների հարգման տեսանկյունից: Լինելով փակ հաստատություններ՝ բանտերը ԿՈՎԻԴ-19 համավարակի տարածման տեսանկյունից բարձր ռիսկ են ներկայացնում: Բանտերում սանիտարահիգիենիկ վատ պայմանները, ազատազրկված անձանց թույլ իմունային համակարգը, բժշկական ծառայությունների անմատչելիությունը կամ դրանց տրամադրման հապաղումը նպաստում են վարակի հնարավոր ներթափանցմանն ու տարածմանը՝ ազատազրկված անձանց դարձնելով առավել խոցելի կորոնավիրուսի  նկատմամբ:

Հաշվի առնելով փակ ու կիսափակ հաստատություններում համավարակի հնարավոր տարածման ռիսկերը՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը աջակցություն է տրամադրել՝ կանխելու քրեակատարողական հիմնարկներում վարակի լայն տարածումը  և ապահովելու բանտերում մարդու կյանքի ու առողջության  իրավունքի պաշտպանությունը: Այս աշխատանքներն իրականացնելու համար ԲՀՀ Հայաստանը համագործակցում է  ՀՀ Արդարադատության նախարարության,  ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի հետ:

Հիմնադրամի աջակցությամբ և Արդարադատության նախարարության հետ համակարգմամբ, Առողջապահության ազգային ինստիտուտը ԿՈՎԻԴ-19-ի կանխարգելման ու վարակի կառավարման դասընթաց ու մասնագիտական աջակցության վերապատրաստում կիրականացնի քրեակատարողական հիմնարկներում տեղակայված՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանումների բժշկական անձնակազմի համար: Բժիշկներն ու բուժանձնակազմը կվերապատրաստվեն վարակի կանխարգելման ու կառավարման միջազգային չափանիշների և ուղեցույցների  վերաբերյալ: Դասընթացների բովանդակությունը մշակվել է Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից: Բուժանձնակազմի համար նախատեսված այս դասընթացները անցկացվելու են հեռավար: Դրանց շրջանակում քրեակատարողական հիմնարկների համար մշակվելու և տրամադրվելու են ԿՈՎԻԴ-19-ի կանխարգելման մասին տեղեկատվական գրքույկներ ու պաստառներ: Դասընթացների պատշաճ կազմակերպման նպատակով ԲՀՀ-Հայաստանի աջակցությամբ լուծվել է նաև  «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված բժշկական ստորաբաժանումները համակարգչային անհրաժեշտ տեխնիկայով ապահովելու խնդիրը՝ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված բժշկական ստորաբաժանումներին նվիրաբերելով, ընդհանուր առմամբ 13 համակարգիչ:

Հիմնադրամի աջակցության երրորդ ուղղությունը քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողության իրականացումն է: ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը կազմված է հասարակական կազմակերպությունների անդամներից և գործում է 2005 թվականից: Դիտորդական խմբի գործունեությունը նպատակաուղղված է ազատազրկվածների և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկմանը, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների առողջապահական և կենցաղային պայմանների բարելավմանը, խնդիրների հանրայնացմանը: Դիտորդական խումբը մշտադիտարկելու է քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանությունը, ներառյալ բուժանձնակազմի կողմից անվտանգության ու հակահամաճարակային կանոնների ու չափանիշների պահպանումն ու պատշաճ բժշկական ծառայությունների մատուցումը ազատազրկված անձանց:

Համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով  ազատազրկված անձանց և նրանց մերձավոր ազգականների տեսակցությունները սահմանափակվել են: Հիմնադրամը համակարգիչներ է նվիրաբերել «Արմավիր» (2 միավոր) ու  «Նուբարաշեն» (1 միավոր) քրեակատարողական հիմնարկներին, որով ընդլայնվել են տեսակապի միջոցով արտաքին աշխարհի հետ կապի իրացման առկա հնարավորությունները:

Հիմնադրամը շարունակելու է աշխատանքները՝ աջակցելու քրեակատարողական հիմնարկներին դիմագրավելու ԿՈՎԻԴ-19-ին և ապահովելու ազատազրկված անձանց կյանքի ու առողջության ապահովումը:

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031