Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սասուն Գրիգորյան․ Կիբերհանցագործները թիրախավորում են հիմնականում ֆինանսական խնդիրներ ունեցող անձանց

Հուլիս 10,2020 13:51

«Վերջին շրջանում համակարգչային հանցագործությունների շրջանում արձանագրվում է աճ»,- «Արմենպրես»-ում ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ աճ է գրանցվում նաև համակարգչային խարդախությունների շրջանում․ «Վիճակագրությունը ունի հետևյալ տեսքը՝ 2019 թվականի ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ ընդունվել են 118 հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, որոնցից 64-ը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված խարդախություններ էին։ 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարած հանցագործությունների քննության վարչության վարույթ ընդունվել են կիբերհանցագործության վերաբերյալ 94 քրեական գործեր։ Դա նշանակում է, որ 2020 թվականի միայն առաջին կիսամյակում Քննչական կոմիտեում քննվել են գրեթե այնքան քրեական գործեր կիբերհանցագործության վերաբերյալ, որքան 2019 թվականի ընթացքում։ Իսկ կոնկրետ համակարգչային խարդախությունների հետ կապված քրեական գործերն արդեն անցնում են 2019 թվականին քննված նույն բնույթի քրեական գործերի քանակին»։

Սասուն Գրիգորյանը նկատեց, որ մինչև 2019-2020 թվականները կիբերհանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քանակը տատանվել է տարեկան 100 քրեական գործերի շրջանակներում․ «Մեր կարծիքով՝ տուժած քաղաքացիների, կազմակերպությունների դիմելիությունն է ավելացել իրավապահ մարմիններին։ Ինչը վկայում է նաև ինչպես քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման, այնպես էլ իրավապահ մարմինների նկատմամբ վստահության աճի մասին»։

Սակայն, նա կարծում է, որ այնուամենայնիվ, հանցագործությունների թիվն աճել է, քանի որ մարդիկ այս շրջանում քչացրել են իրենց ֆիզիկական շփումներն այլ անձանց հետ, և առավել հաճախ են օգտվում համացանցից․ «Կիբերհանցագործների կողմից թիրախավորվում են հիմնականում այն անձինք, որոնք ունեն ֆինանսական, սոցիալական խնդիրներ, և գումար ստանալու համար փորձում են դիմել հեշտ միջոցի և այդ կերպ ստանալ իրենց գումարը։ Նրանց թիրախավորման շրջանակը անորոշ է, անորոշ քաղաքացիներից է բաղկացած։ Օրինակ՝ եթե որևէ սոցիալական կայքում տեղադրվում է հայտարարություն որևէ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, և դրա դիմաց անձնական տվյալ են պահանջում, այդ դեպքում նրանց դիմում են այն քաղաքացիները, որոնք ունեն ֆինանսական, սոցիալական խնդիրներ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031