Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա երեւի արդեն պետք է մտածենք ծավալը մեծացնելու եւ ավելի լավ ու ավելի շատ հաղորդաշարեր պատրաստելու ուղղությամբ». «Ա1+»-ը պատրաստվում է 2021 թվականի մրցույթին. «Հրապարակ»

Հուլիս 10,2020 12:45

«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքում խնդիրներ է տեսնում եւ կարծում է, որ այն ավելի լավը չի դարձել։ Այս մասին Մովսեսյանն ասաց «Հրապարակի» հետ զրույցում․ «Ես կասեի, որ օրենքը, ընդհանուր առմամբ, չի փոխվել դեպի լավը, այնտեղ մի 2 հոդված կա, որ․․․ օրինակ, հոդված 2-րդի հետ կապված՝ ես մի դիտողություն ունեմ․ ասում է, որ ով ծրագրի մեջ ունի ինֆորմացիոն թողարկումներ, պարտավոր է երկրի գլխավոր իրադարձությունը ներկայացնել։ Նախ պարզ չէ, թե ով է որոշում՝ այդ իրադարձությունը երկրում գլխավո՞ր է, թե՞ ոչ, եթե դա որոշում է կառավարությունը, Ազգային ժողովը կամ նախագահը, ապա ես մտածում եմ, որ դա միջամտություն է, այդ մե՛նք պետք է որոշենք՝ դա կարեւո՞ր է, թե՞ ոչ։ Այդպիսի բան անել պարտադրելը մի քիչ անիմաստ է։ Ես երեւի լավ չեմ հասկանում, չգիտեմ, բայց իմ մոտեցումն այդպիսին է, որ միջամտությունը պետք է լիովին բացառվի։

Այդպիսի մի քանի կետեր կան, դիտողություններ կան՝ կապված միջամտության հետ, պարտադրանքի հետ, որ «լրատվամիջոցը պարտավոր է»։ Անկախ հեռուստակայանները եւ ռադիոկայանները ոչ մի բան պարտավոր չեն․ բացի հարկեր մուծելուց, ուրիշ ոչ մի պարտավորություն չունեն եւ չեն կարող ունենալ: Ես այդպես եմ հասկանում»։

Մասնակցելո՞ւ են 2021 թվականին նախատեսվող վերգետնյա կապուղիների մրցույթին։ «Այո, անպայման մասնակցելու ենք, եւ միանշանակ հույս ունեմ, որ պետք է շարունակենք մեր աշխատանքը եթերում»։ 2002 թվականին, երբ «Ա1+»-ը զրկվեց կապուղուց, այդ կապուղին հանձնվեց «Կենտրոն» հեռուստաընկերությանը՝ պայքարը «Ա1+»-ի եւ «Կենտրոնի՞» միջեւ է լինելու։ «Ոչ, ընդհանուր մրցույթ է լինելու, այստեղ կապուղիների խնդիր չկա, որովհետեւ մուլտիպլեքսի ցանցային աշխատանքի մեջ այդպիսի խնդիր դրված չէ։ Ես կարծում եմ, որ այդպիսի խնդիրներ չեն առաջանա, եւ հույս ունեմ, որ ամեն ինչ բարեհաջող կանցկացվի»։

Մրցույթում հեռուստաընկերություններին ներկայացվում են պահանջներ, որ, օրինակ, պետք է եթերում ունենան մեծ մասամբ սեփական՝ հեղինակային հաղորդումներ, օտարալեզու ծրագրեր չլինեն եւ այլն։ Մովսեսյանն ասաց, որ արդեն մտածում են ծրագրերի ծավալը մեծացնելու մասին․ «Աշխատանքները երբեք չենք էլ դադարեցրել, շարունակվում են՝ իհարկե, քիչ ծավալով։ Հիմա երեւի արդեն պետք է մտածենք ծավալը մեծացնելու եւ ավելի լավ ու ավելի շատ հաղորդաշարեր պատրաստելու ուղղությամբ»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031