Առկա տնտեսական ճգնաժամը աստիճանաբար հաղթահարելու հարցը մեծ ակտուալություն ունի նաև Հայաստանի համար։
Հատկանշական է, որ բիզնեսին վարկավորելուց զատ կառավարությունը այս փուլում հատուկ շեշտադրում է կատարում կապիտալ ծախսերի իրականացման վրա։
Ըստ էության, կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս իր հերթին բերում է մեր երկրում ծանրացող սոցիալական իրադրության ավելի բարդացման:
Այս համատեքստում պետք է ուշադրություն դարձնել, որ 2019 թվականին նախատեսված է եղել 262 միլիարդ դրամի չափով կապիտալ ծախս, որից կատարվել է 192 միլիարդ դրամը: Այսինքն՝ 70 միլիարդ դրամով թերակատարվել է, ինչը վկայում է այն մասին, որ մեր ունեցած լրացուցիչ տնտեսական պոտենցիալը փաստացի չի իրացվել։
Կարդացեք նաև
Կապիտալ ծախսերի այսպիսի թերակատարման փաստը Փաշինյանը փորձում էր արդարացնել այն պնդմամբ, թե նախատեսված ծախսերը թերակատարվել են, քանի որ կառավարությունը հաշվի է առել դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերը և հնարավոր չարաշահումները։ Այնինչ, բազմաթիվ տնտեսագետներ այն կարծիքին են, որ կապիտալ ծախսերը թերակատարվել են որակյալ մասնագետների բացակայության պատճառով, որոնք պետք է կազմակերպեին վարկային ծրագրերի շրջանակներում կատարվող գնումները ու մյուս գործընթացները։
Եվ լիովին տրամաբանական է, որ 2019 թվականին նախատեսված կապիտալ ծախսերի թերակատարման իրողությունը կառավարության հասցեին բուռն քննադատության տեղիք տվեց։
Ուստի սրանից հետո տպավորություն էր ստեղծվում, թե այս տարի, հաշվի առնելով նաև կորոնավիրուսային ճգնաժամի խորացումը, իշխանությունները ձեռնամուխ կլինեն, որ կապիտալ ծախսերն իրականացվեն նախատեսված գրաֆիկով և բարձր որակով, բայց արի ու տես, որ այս տարվա առաջին կեսի համար արդեն իսկ ծախսերի թերակատարման նշաններ կան։ Այսպես՝ այս տարվա առաջին հինգ ամսում՝ հունվար-մայիսին կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 36,3 մլրդ դրամ, մինչդեռ վեց ամսում դրանք պետք է կազմեին 118 մլրդ դրամ։ Փաստորեն ստացվում է, որ հինգ ամսում կատարվել է կիսամյակի ծրագրի միայն 30,7%-ը։
Ու չնայած հունիսի ամբողջական ցուցանիշները դեռ չկան, սակայն միայն այդ ամսվա ընթացքում մնացած 69,3%-ի՝ մոտ 82 մլրդ դրամի կապիտալ ծախս կատարելու հավանականությունը զրոյական է, և այսպիսով ծախսերի թերակատարումն արդեն կարելի է համարել կատարված փաստ։ Սա իշխանությունների համար պետք է լինի լուրջ ահազանգ, քանի որ մեծ է հավանականությունը, որ մենք այս տարի նույնպես կարող ենք ամբողջ ծավալով չիրացնել մեր ունեցած տնտեսական ներուժը։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: