Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ես առաջարկում եմ վարչապետ Փաշինյանին բոլորիս բացատրել, թե այսօր սահմանադրական կարգին ինչպիսի անմիջական վտանգ է սպառնում. Ավետիք Չալաբյան

Հուլիս 10,2020 13:25

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկարաձգելու իր մտադրության մասին, ես այս էջի վրա քվեարկություն բացեցի, առաջարկելով բոլոր օգտատերերին դիրքորոշում հայտնել այդ կապակցությամբ։ Այն ժամանակ, քվեարկության մասնակցեց 1800-ից ավել օգտատեր, 69%-ը դեմ արտահայտվեցին արտակարգ դրության երկարաձգմանը, 31%-ը՝ կողմ։

Այս շաբաթ վարչապետ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ երկարաձգելու է արտակարգ դրությունը։ Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրության 120 հոդվածի 1. կետի համաձայն՝ «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին», այսինքն` արտակարգ դրությունը հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում։

Ես առաջարկում եմ վարչապետ Փաշինյանին բոլորիս բացատրել, թե այսօր սահմանդրական կարգին ինչպիսի անմիջական վտանգ է սպառնում։ Եթե խոսքը գնում է համավարակի մասին, ապա այն որևէ կերպ այլևս սահմանադրական կարգին չի կարող սպառնալ, քանի որ հասկանալի են թե նրա տարածման դեմ պայքարի միջոցները, թե նրա բուժման միջոցները, նրանցից ոչ մեկը արտակարգ դրության ռեժիմի կարիք չունի։ Ավելին, նախորդ չորս շաբաթների ընթացքում, արտակարգ դրությունը որևէ էական կերպով չի ազդել համավարակի վրա՝ վարակակիրների թիվը աճել է 14699 մարդուց 30346 մարդու, և մեկ շնչին ընկնող վարակակիրների թվով Հայաստանը հայտնվել է աշխարհի վատթարագույն երկրների տասնյակում։ Մահերի թիվը 327-ից հասել է 705-ի, ավելի քան կրկնապատկվելով անցած չորս շաբաթների ընթացքում, սա թերևս ամենաողբերգական արդյունքն է, և առնվազն վերահաստատում է, որ սխալ ընտրած համավարակի դեմ պայքարի ռազմավարության դեպքում, արտակարգ դրությունը որևէ օգուտ չի տալիս։

Արտակարգ դրությունը, սակայն, այս չորս շաբաթների ընթացքում կառավարության կողմից օգտագործվել է մի շարք խիստ վիճահարույց գործողությունների համար՝ ընդունվել են «Գույքահարկի մասին» օրենքի փոփոխությունները, որով մոտ 4 անգամ կաճի գույքահարկը, անձեռնմխելիությունից զրկվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ-ն հապճեպ և Սահմանադրության պահանջների խախտմամբ փոփոխություններ է ընդունել Սահմանադրության 213 հոդվածում, երեկ կառավարությունը հաստատել է արտակարգ դրության պայմաններում մասնավոր բուժհիմնարկները առողջապահության նախարարության անմիջական ենթակայության տակ դնելու մասին օրենքի նախագիծը, և այլն։ Նորմալ պայմաններում, սրանցից յուրաքանչյուր բողոքի ալիք կբարձրացներ հասարակության տարբեր հատվածներում, սակայն արտակարգ դրության պայմաններում բողոքի դրսևորման հնարավորությունները սահմանափակ են, և կառավարությունը անարգել առաջ է մղում իր օրակարգը։

Հիմա էլ, փորձելով արդեն 5-րդ անգամ երկարաձգել արտակարգ դրությունը, կառավարությունը ենթադրաբար փորձելու է առաջ մղել հերթական վիճահարույց նախաձեռնությունները, դրանց պակասը չկա։ Ավելին, չունենալով արդյունավետ ընդդիմություն Ազգային ժողովում, կառավարությունը կարող է շարունակաբար բոլորիս պահել արտակարգ դրության պայմաններում, համավարակն էլ օգտագործել որպես դրա ֆորմալ հիմնավորում։ Այս ամենին հակազդելու միակ ձևը մեր դժգոհությունը հայտնելն է, ավելի և ավելի կտրուկ միջոցներով։ Ես նորից քվեարկություն եմ բացում այս հարցով, զուգահեռ մենք կմտածենք, թե իրավական դաշտում ինչպիսի լրացուցիչ միջոցներ կան՝ հակազդելու այս անվերջանալի արտակարգ դրությանը:

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031