Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկումը քաղաքական կատեգորիա է. գույքահարկի չափը պետք է վերանայվեր, բայց՝ խելամիտ ձեւով». Մանուկ Վարդանյան. «Հրապարակ»

Հուլիս 10,2020 12:04

Գույքահարկի չափը պետք է վերանայվեր, բայց՝ խելամիտ ձեւով, մինչդեռ այսօրվա օրենքն անհասկանալի է ու քաղաքացու համար ոչ դյուրամարս․ սա Հայաստանի կադաստրի հիմնադիր Մանուկ Վարդանյանի կարծիքն է, որը 1997-2009 թթ․ ղեկավարել է պետական այս հիմնարկը, որը նախ Գույքի միացյալ կադաստրի վարչություն էր կոչվում, իսկ 1999 թվականից՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

Նրան խնդրեցինք նոր օրենքի մասին իր կարծիքը ներկայացնել։ «Գույքահարկին պետք էր անդրադառնալ, բայց մի քիչ ավելի նորմալ, ծրագրավորված քայլերով: Գույքի գնահատումը պետք էր ավելի պարզունակ դարձնել, որ մարդու համար հասկանալի լիներ, թե շուկայական արժեքն ինչն է: Ասենք՝ երեք ցուցանիշ գրեցիք, ինչ-որ բազային արժեքով բազմապատկեցիք իրար, ստացաք իքս թիվը: Կամ՝ կա երկրորդ տարբերակը․ շուկայական գնի որոշում, ըստ պայմանագրային արժեքի: Վերցնում են գույքի պայմանագրերը, ինչ որ եղել են, եւ ըստ դրա որոշում: Բայց պայմանագրային արժեքները վերջին 5-10 տարվան են վերաբերում, իսկ մինչեւ այդ ի՞նչ պետք է արվի: Շուկայական գին որոշելիս հին շենքերի պայմանագրային արժեքները չես կարող հիմք ընդունել: Պետք է մեթոդիկան օրենքում գրված լինի ու հստակ լինի: Մնացածը քաղաքական որոշում է, թե ինչպիսի գրադացիա ու ինչ գույքահարկ սահմանել»:

– Գույքահարկը շուկայական արժեքին մոտեցնելը ճի՞շտ է, դա իրո՞ք այսօր անհրաժեշտություն էր, ինչպես ներկայացվեց:

– Այո, բայց այլ բան է գույքի ճիշտ գնահատումը, այլ բան է այդ ճիշտ գնահատված արժեքից հարկում իրականացնելը: Հարկումը քաղաքական կատեգորիա է՝ որոշել, թե, ելնելով սոցիալական վիճակից, ինչ դրույքաչափերով հաշվել:

– Այսինքն, Դուք գտնում եք, որ սոցիալական վիճակը հաշվի առնելը ճիշտ է:

– Անպայման, որովհետեւ իմ վիճակը լավ է, ես բնակարան եմ ստեղծել, բայց վաղը ես չկամ, կամ իմ վիճակը վատ է, իմ երեխաներն ու թոռները պետք է կրակը չընկնեն իմ բնակարանի պատճառով: Կամ՝ էդ որ հեշտ ասում են՝ վաճառեք, գնացեք, իսկ գնորդը կա՞: Որտե՞ղ են այն գնորդները, որ պետք է գան, թանկանոց գույքը ձեռք բերեն ու ամեն ամիս էլ ահռելի գույքահարկ համաձայնեն մուծել:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031