2020թ. հունվար-մայիսի վերաբերյալ հրապարակված վիճակագրական ցուցանիշները վկայում են, որ ճգնաժամային իրավիճակը խորանում է, անկումը շարունակվում: Այս ամենին զուգահեռ, ցավոք, նաև առողջապահական ոլորտի խնդիրներն են սրվում, որոնք ավելի են խորացնում ճգնաժամը: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ջուլիետա Թադևոսյանը, որը տնտեսական ճգնաժամն ու առաջիկայում հնարավոր այլ բացասական հետևանքները դիտարկում է ոլորտների շղթայական կապի տեսանկյունից:
«Վարակի տարածման պայմաններում տնտեսական ճգնաժամը, մեծ հաշվով, խորանում է, անորոշություններն են մեծանում, և սա է ամենաանհանգստացնողը: Այդ աճերը շատ քիչ են և հուսադրող չեն այնքանով, որ առողջապահական տեսանկյունից խնդիրները դեռ նույն ուղղությամբ շարունակվում են: Ամբողջ մտահոգությունը սա է»,-շեշտեց Ջ. Թադևոսյանը:
Նրա խոսքով, սակայն, միանգամայն նորովի պետք է նայել նման զարգացումներին. «Ամբողջ աշխարհում է տնտեսական անկումը, բայց կյանքը շարունակվում է և չի կարող ընդհատվել: Տարբեր խնդիրներին պետք է կարողանանք նայել կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով ու ճիշտ որոշումներ կայացնել. կառուցվածքային առումով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առաջնահերթ ոլորտներին, առաջին հերթին՝ առողջապահությանը, որ այն իր հետևից ամբողջ տնտեսությանը քարշակով չտանի: Այսօրվա ամբողջ ներուժը, ներդրումներն ու ուշադրությունը պետք է մասնավորապես առողջապահական ոլորտի վերազինմանն ուղղել:
Ամփոփելով՝ տնտեսագետը խոսեց մի շարք հնարավոր սցենարների մասին, որոնք պետք է արդեն այսօր հաշվի առնել:
Կարդացեք նաև
«Աշխարհի անկումներն ակնհայտ են: Միջազգային կառույցները վատագույն ու լավագույն սցենարներ են առաջարկում: Կարծում եմ՝ ավելի շատ վատագույն սցենարների հավանականությունն են տեսնում: Աշխարհում հսկայական կորուստներ են արձանագրվել և չեմ կարծում, որ վերականգնումը հնարավոր կլինի հեշտ ու արագ իրականացնել: Այս առումով մատնանշվում էր 2021 թվականը, ինչն, իմ կարծիքով, իրատեսական չէ: Առհասարակ, տնտեսության վերակառուցումն ամբողջ աշխարհով մեկ պետք է լինի, բայց բացասական կանխատեսումները, ցավոք, շարունակվում են, իսկ Հայաստանը զերծ չէ այդ ամենից: Այնպես որ, յուրաքանչյուր վայրկյան պետք է մտածել հաջորդ քայլի մասին:
Եթե այսօր լուծեցինք առողջապահական, գործարարին աջակցելու խնդիրները, սոցիալական ապահովության հարցերը, դրանք պետք է շարունակական լինեն: Հիմա ամառ է, մարդիկ ինչ-որ առումով հաղթահարում են սոցիալական խնդիրները, դժվարությունները, բայց մի քանի ամիս հետո դրանք ավելի ահագնացող կլինեն»,-ընդգծեց նա՝ հաշվի առնելով, որ մի քանի ամիս հետո սեզոնային փոփոխության արդյունքում կոմունալ վճարումները կբարձրանան, բիզնեսի տեսանկյունից այլ խնդիրներ ևս կառաջանան:
«Ընդհանուր առմամբ, եթե գլոբալ շղթաները չաշխատեն, նոր շուկաներ, նոր համագործակցության ուղիներ չփնտրվեն, տնտեսության վերականգնման առումով նոր գործիքներ չներդրվեն, խնդիրները շատ ավելի լուրջ կարող են լինել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: