Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Թեւոսյան. Այո՛, նախագիծը միջազգային փորձաքննության չի ուղարկվել, փոխարենը դրա վրա աշխատել են տասնյակ տեղական փորձագետներ. «Ժամանակ»

Հուլիս 10,2020 11:07

Մի շարք լրագրողական կազմակերպություններ «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարություն են տարածել։

Ըստ հայտարարության տակ ստորագրած կազմակերպությունների՝ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը «խոր մտահոգության տեղիք է տալիս»։

Օրինագծի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, անդրադառնալով լրագրողական կազմակերպությունների հայտարարությանը և բարձրացրած մտահոգություններին, նկատեց, որ սկզբունքորեն ՀԿ սեկտորից եկող ցանկացած հայտարարության կամ քննադատության դրականորեն են վերաբերում, դրանք միշտ օգտակար են ինչ-որ պարագայում: «Վերջին հայտարարության մասով առնվազն կարող եմ ասել, որ շնորհակալ եմ, որ այն արվեց օրենքի նախագծի ընդունումից ընդամենը մի քանի օր առաջ՝ ըստ էության այն ժամանակ, երբ այդ հայտարարության մեջ նշված պահանջը կատարելն այլևս տեսականորեն նույնիսկ անհնար էր: Դա մեզ տրված հնարավորություն էր այդ պահանջը կտրականապես մերժելու: Օրենքի նախագծի մասով կարող եմ ասել, որ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներն էլ իրենց հոգու խորքում, կարծում եմ, գիտեն, որ խորքային մտահոգությունների կարիք չկա, և նախագիծն, այնուամենայնիվ, լուծում է ոլորտի մի շարք առանցքային խնդիրներ, այլ հարց է՝ թե ինչ հայեցակարգով»,- ասաց Թևոսյանը՝ հավելելով, որ, ի սկզբանե ՀԿ սեկտորի ներկայացրած և իրենց որդեգրած հայեցակարգերը չեն համընկել միմյանց հետ, և դա բազմիցս քննարկվել ու բացատրություններ են տրվել այդ մասին:

«Ընդ որում, մեզ ներկայացվող հայեցակարգն անընդունելի էր ավելի շատ դրա կիրառման անհնարինության պատճառով, ինչի մասին նույնպես բազմաթիվ զրույցներ ու քննարկումներ են եղել: Կարող եմ ասել, որ հայտարարության հեղինակ կազմակերպություններից մի քանիսի ղեկավարների հետ այս նախագիծը գրելիս ես ավելի շատ եմ շփվել, քան կառավարության կամ կարգավորող մարմնի մեր գործընկերների հետ, առաջարկությունների 90 տոկոսից ավելին ընդունել ենք, իհարկե, այս հայեցակարգի շրջանակում: Իրենց՝ կազմակերպություններին, շատ դրականորեն եմ վերաբերվում և համարում եմ գործընկերներ, բայց նույնիսկ գործընկերների միջև կարող են լինել լուրջ հայեցակարգային տարաձայնություններ: Նորմալ է»,- ընդգծեց պատգամավորը։

Մեր դիտարկմանը՝ հայտարարության հեղինակ կազմակերպությունները խնդիր են տեսնում նաև նրանում, որ նախագիծը չուղարկվեց միջազգային փորձաքննության և կոչ են անում նախագիծը հանել շրջանառությունից և ուղարկել միջազգային փորձաքննության, Թևոսյանը նկատեց, որ ինքը, եթե լիներ հայտարարության հեղինակների եվրոպական գործընկերների փոխարեն, շատ կտարակուսեր, եթե նման հայտարարություն չհնչեցվեր: «Դա ՀԿ-ների աշխատանքի մի մասն է, եթե հայտարարությունը չլիներ, գուցե նշանակեր, որ ՀԿ-ներն իրենց գործը լավ չեն կատարում: Այո՛, նախագիծը միջազգային փորձաքննության չի ուղարկվել, փոխարենը դրա վրա աշխատել են տասնյակ տեղական փորձագետներ, որոնք լավ տեղյակ են միջազգային փորձից և ունեն իրավական ակտերի հետ աշխատանքի նախանձելի հարուստ պրակտիկա: Ուսումնասիրվել և օգտակար են եղել նաև հետխորհրդային այնպիսի երկրների օրենքներ, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան: Օգտագործվել է նաև եվրոպական փորձագետների կողմից իրականցված կարիքների գնահատման փաստաթուղթը, որի ստացման ուղղությամբ մեծ օժանդակություն են ցուցաբերել նույն ՀԿ-ները»։

Վահագն Թևոսյանը ընդունեց, որ նախագծի ստեղծման «անմարդկային արագ տեմպը» պայմանավորված է նրանով, որ մոտենում են մրցութային ժամկետները: Այդ մասին բազմիցս խոսվել է: Եվ իրենք չեն պատրաստվում փոփոխություններով երկարաձգել գործող օրենքը։ Փոխարենը նոր օրենքը տարեցտարի ավելի կբարելավվի։ «Բայց նախագծի ներկա տարբերակը, կարծում եմ, բավարար մշակված է այս պայմաններում լավ օրենք դառնալու համար»,- եզրափակեց օրինագծի համահեղինակ պատգամավորը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031