Այս օրերին շատերն են հարց տալիս՝ «Ճի՞շտ վարվեցին ոստիկանները՝ արգելելով ՍԴ դատավորի մուտքը ՍԴ նստավայր», եւ երկրորդ՝ «ԱԺ նախագահի խնդրանքը ՍԴ նիստը հետաձգելու վերաբերյալ»:
Նախ կուզեի ընդգծել ՍԴ նախագահի լռության անթույլատրելիությունը:
Դառնանք ոստիկաններին: Ոչ մի ոստիկան իրավունք չունի խոչընդոտելու որեւէ մեկի մուտքը ՍԴ: Այդ իրավունքը տրված է միայն ՍԴ աշխատակազմին: ՍԴ շենքում հերթապահություն իրականացնող ոստիկանները պարտավոր են կատարել միայն աշխատակազմի կարգադրությունները: ՍԴ մուտք գործելու կարգը սահմանված է ՍԴ կանոնակարգով:
Ինչ վերաբերում է ՍԴ դատավորի կարգավիճակը որոշելու խնդրին` այդ հարցը ոստիկանությանը չի տրված: Անգամ եթե այդ դատավորը տվյալ պահին արդեն դատավոր չէ, ի՞նչ է, նախկին դատավորն իրավունք չունի՞ մուտք գործել ՍԴ: Իսկ ի՞նչ է, նա դադարո՞ւմ է լինել նաեւ ՀՀ քաղաքացի, չէ՞ որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի սահմանված կարգով մուտք գործել ՍԴ:
Կարդացեք նաև
Ոստիկանության անօրինական գործողության համար ՍԴ նախագահը պարտավոր էր ոստիկանությունից եւ կառավարությունից պատասխան պահանջել, իսկ վերջիններս պետք է ներողություն խնդրեին քաղաքացուց եւ Սահմանադրական դատարանից:
Մյուս հարցի կապակցությամբ կարելի է միայն, մեղմ ասած, ափսոսանք հայտնել, որ ԱԺ-ում չի գտնվել որեւէ մեկը, որ իր նախագահին հուշի, որ ԱԺ-ն ՍԴ դատարանին կարող է դիմել միայն Սահմանադրությամբ որոշված հարցերի շրջանակներում: Մյուս բոլոր դեպքերում ցանկացած դիմում, խնդրանք, անգամ հեռախոսազանգ կարող է դիտվել ճնշում դատարանի նկատմամբ: Առավել եւս ցավում եմ, որ ԱԺ-ում չգիտեն, որ որեւէ գործով նիստի օրը նշանակվում է ոչ թե դատավորների կամ դատարանի կամեցողությամբ, այլ՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված կարգով: Նման խնդրանքով դատարանին առաջարկով կամ միջնորդությամբ կարող են դիմել միայն տվյալ գործով կողմ ճանաչվածները:
Ցավում եմ, որ օրենսդիր եւ գործադիր իշխանությունները Հանրապետության նախագահի աջակցությամբ արեցին ամենը Սահմանադրությամբ պայմանավորված ճգնաժամը դարձնել ՍԴ-ի ճգնաժամ: Այսօր այդ գործողությունների արդյունքում Սահմանադրական դատարանը դարձել է անգործունակ եւ ՍԴ նախագահը, որը կոչված է ապահովել ՍԴ բնականոն աշխատանքը…:
Վերջապես իրականացավ ոմանց մանկության երազանքը:
Ինչ վերաբերում է հանրապետության նախագահին, ստիպված եմ արձանագրել, որ նա ստորագրելով մի քանի օրենք եւ մի այլ դեպքում կամովին հրաժարվելով ստորագրության իրավունքից, դրանով իսկ անտեսեցին Սահմանադրության մի այլ դրույթ՝ իշխանությունների բաժանման եւ հակակշռման սկզբունքը:
Ավելորդ չեմ համարում հիշեցնել Մարդու եւ քաղաքացու իրավունքների Ֆրանսիական Հռչակագրի մի դրույթ, ըստ որի՝ եթե չկա իշխանությունների բաժանում, չկա սահմանադրություն:
Մի հարց եւս. այսքան խոսելով ՍԴ եւ առհասարակ դատարանների անկախության չգոյության շուրջ, ի՞նչ օրենսդրական ճանապարհ է ընտրվել այդ անկախությունը ապահովելու համար: Արդյո՞ք մի քանի դատավոր փոխելով ապահովվում է այդ անկախությունը: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ այդպես լինել չի կարող: Սատանան մնում է սատանա, հրեշտակը՝ հրեշտակ, սատանան չի դառնում հրեշտակ: Ողջունում եմ բոլոր հայտնի եւ քողարկված սահմանադրագետներին: Անձամբ ես ոչ հայտնիներից եմ, ոչ էլ քողարկվածներից: Ի դեպ, նաեւ ո՛չ սեւ եմ, ո՛չ ճերմակ, եւ ոչ էլ մոխրագույն, այլ նախապատվությունը տալիս եմ արտամանուշակագույնին։
Ողջ եղե՛ք:
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.Գ. Ես բացարձակ չեմ վախենում ո՛չ չումայի, ո՛չ խոլերայի մանրէներից, եւ ո՛չ էլ՝ «թագ»-ա վիրուսից: Բայց ես սարսափում եմ «թագ»-ից, իշխանատենչության, իշխանասիրության վիրուսով վարակվածներից:
«Առավոտ» օրաթերթ
09.07.2020