Սկիզբը՝ այստեղ:
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի կարծիքով՝ եթե ամերիկյան կողմը ցանկանում է հասնել նրան,
որ Էրդողանը հրաժարվի ռուսական համակարգերից, ապա պետք է դիմի տնտեսական պատժամիջոցների
– Թուրք քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ համարվող Վոլքան Բոզքիրն ընտրվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ։ Նա առաջին թուրք գործիչն է, որն ընտրվեց այդ պաշտոնում։ Հայտնի է, որ Հայաստանը, Հունաստանը եւ Կիպրոսը քվեարկություն էին պահանջել։ Պաշտոնական Երեւանն արձագանքեց, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը համահունչ չեն ՄԱԿ-ի նորմերին եւ հռչակած արժեքներին, Թուրքիան լավագույն պետությունը չէ, որը կարող է բավարարել նշված չափանիշներին: Բոզքիրը, սակայն, ընտրվեց, խոստանալով՝ ջանքեր գործադրել միջազգային խաղաղության ամրապնդման համար։ ՄԱԿ-ում ընդդեմ Հայաստանի, Արցախի հիմնախնդրի, բացասական առումով, քաղաքականություն կարելի՞ է սպասել՝ Բոզքիրի ընտրվելու համատեքստում:
– Նախեւառաջ կցանկանայի նշել, որ Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի կողմից Թուրքիայի ներկայացուցչի հանդեպ խոչընդոտներ հարուցելը վկայում է երեք երկրների միջեւ խորացող համագործակցության մասին, ինչում իրենց ուրույն դերն ունեն երեք երկրների նկատմամբ Թուրքիայի՝ առնվազն մտահոգիչ գործողությունները։ Դա նաեւ Թուրքիային հասցեագրած մեր որոշակի ուղերձն է, որ կան դեպքեր, երբ Հայաստանը կարող է խոչընդոտ հարուցել նրա համար, եւ որ Թուրքիան ստիպված է լինելու հաշվի նստելու մեզ հետ։ Եվ որքան ծանրանա հայկական նժարը Թուրքիայի համար, այնքան շատ վերջինս հարկադրված կլինի հաշվի նստելու մեզ հետ։
Կարդացեք նաև
Իսկ ՄԱԿ ԳԱ-ի 75-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնը տարածաշրջանային եւ անգամ միջազգային հավակնություններով Թուրքիային ավելի շատ անհրաժեշտ էր իր իմիջի տեսանկյունից։ Որքան տեղյակ եմ, ՄԱԿ ԳԱ-ի 75-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնը մեծ հնարավորություններ չի ընձեռում Բոզքըրի կողմից հակահայկական լուրջ գործունեություն ծավալելու համար։ Թուրքական կողմը թերեւս ավելի շատ շեշտը կդնի ՄԱԿ-ում բարեփոխումներ անելու անհրաժեշտության վրա։ Էրդողանը վերջին շրջանում շատ է խոսում ՄԱԿ ԱԽ-ը բարեփոխելու մասին՝ ընդգծելով, որ աշխարհն ավելին է, քան՝ 5 երկրները (ՄԱԿ ԱԽ-ի հինգ մշտական անդամները), որ այդ երկրների թվում չկա գեթ մեկ մուսուլմանական երկիր։ Էրդողանը ցանկանում է ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամների թիվը հասցնել 20-ի, որում բնականաբար արդեն տեղ կզբաղեցնի Թուրքիան։
– Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի շուրջ կրքերը դարձյալ բորբոքվել էին: Թուրքիայի նախագահ Էրդողանը հանձնարարել էր ուսումնասիրել տաճարի կարգավիճակի փոփոխության եւ այն թանգարանից մզկիթի վերածելու հավանականությունը: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն նույնիսկ հայտարարություն տարածեց՝ կոչ անելով Թուրքիային պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարի ներկայիս կարգավիճակը որպես թանգարանի եւ այն չվերածել մզկիթի: Այս հայտարարությունը Թուրքիայի իշխանությունների մոտ զարմանք էր առաջացրել: Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը հակադարձել էր. «Մենք ապշած ենք Սուրբ Սոֆիայի տաճարի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունից: Մենք ժառանգել ենք այս տարածքի մշակութային արժեքները: Սուրբ Սոֆիայի տաճարը, ինչպես նաեւ այստեղի մյուս մշակութային ժառանգությունները գտնվում են Թուրքիայի տարածքում: Տաճարի կարգավիճակի որոշումը Թուրքիայի ներքին գործն է: Ցանկացած մարդ կարող է իր կարծիքը հայտնել, սակայն չի կարող մեր ինքնիշխանությանը վերաբերող հարցերում իր կանոնները թելադրել»: Ի վերջո, ինչո՞վ կավարտվի թուրքական իշխանությունների ձգտումն այս հարցով:
– Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի վերջնական հարցում զգալի, բայց ոչ որոշիչ դեր կարող է խաղալ քրիստոնեական աշխարհի արձագանքը, այդ փոփոխությանը հակազդելու աստիճանը։ Ինձ համար անկասկած է, որ Էրդողանը Սուրբ Սոֆիան վերածելու է մզկիթի (եթե դա չի հանգեցնի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների ասենք ԱՄՆ-ի կողմից), քանի որ այդ քայլը տեղավորվում է նրա թե՛ նեոօսմանական, թե՛ երկրի աստիճանական իսլամականացման, թե՛ Աթաթուրքի «Հին Թուրքիային» հակադրվելու տեսանկյունից (հայտնի է, որ Աթաթուրքի նախագահության տարիներին է Սուրբ Սոֆիան մզկիթից վերածվել թանգարանի)։ Այլ կերպ ասած՝ Սուրբ Սոֆիան ոսկոր է Էրդողանի «Նոր Թուրքիայի» կոկորդում։
Եթե Էրդողանը Սուրբ Սոֆիան վերածի մզկիթի, ինքնին կդառնա «Երկրորդ Մեհմեթ Ֆաթիհ» (օսմանյան այդ սուլթանն է 1453թ. գրավել Կոստանդնուպոլիսը եւ ավելի քան 900 տարի առաջ կառուցված Սուրբ Սոֆիայի տաճարը (մոտ 500 տարով) վերածել մզկիթի)։ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելով՝ Էրդողանը ձգտում է նաեւ վերջակետ դնել այդ հարցում Հունաստանի «ոտնձգություններին» (տաճարի կարգավիճակի հարցը բավական զգայուն է հունական կողմի համար) եւ առաջիկա ընտրություններում հավելյալ քվեներ ստանալ ազգայնամոլ-իսլամամետ զանգվածից։ Կցանկանայի ընդգծել, որ Ստամբուլի նահանգն ունի 3457 մզկիթ եւ այդ ցուցանիշով առաջատար է Թուրքիայում (մզկիթների պակաս չի զգացվում)։ Բացի այդ, 2019թ.գ Ստամբուլում բացվել է Թուրքիայի ամենամեծ՝ Չամլըջայի մզկիթը՝ նախատեսված 65.000 հավատացյալի համար։ Սա նշանակում է, որ Ստամբուլը, ըստ էության, մզկիթների պակաս չի զգում։
Ընդգծեմ նաեւ, որ 1985թ-ից UNESCO-ի համաշխարհային պատմամշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված Սուրբ Սոֆիայի տաճարը բավական եկամտաբեր է թուրքական կողմի համար զբոսաշրջային տեսանկյունից։ Մասնավորապես, 2019թ. այն դարձել է Թուրքիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրը, ուր այցելել է 3գ.72 միլիոն մարդ (մուտքն արժե մոտ 10 դոլար)։ Թուրքիայի տնտեսությունը ներկայումս ունի բազում խնդիրներ, զբոսաշրջությունը վերականգնման առաջին քայլերն է ձեռնարկում, եւ Սուրբ Սոֆիայի թանգարանը բավական կարեւոր դեր կարող է խաղալ դրանում։ Մինչդեռ թվում է, թե Էրդողանին չի հուզում դա, եւ նա պատրաստ է հրաժարվել եկամտաբեր այդ աղբյուրից։
– Հուլիսի 1-ին Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահները հեռավար հանդիպում անցկացրեցին։ Պուտին-Էրդողան-Ռոհանի տեսակոնֆերանսը կայացավ ամերիկյան նոր պատժամիջոցների ֆոնին, որոնք սպառնում են ոչ միայն Սիրիայի նախագահ Ասադին ու նրա քաղաքական աջակիցներին, այլեւ արտերկրի բոլոր այն ուժերին ու ընկերություններին, որոնք գործարար կապեր կհաստատեն Դամասկոսի հետ։ «Դրա նպատակն է շնչահեղձ անել Սիրիան»,- այս առիթով նշել էր ՌԴ նախագահը։ Երեք երկրների ղեկավարների տարածած հայտարարությունից հայտնի դարձավ, որ բացի սիրիական խնդիրներից, նրանք վերահաստատել են իրենց որոշումը՝ ամրապնդել տարբեր ոլորտներում եռակողմ ներդաշնակեցումը՝ համատեղ տնտեսական համագործակցության խթանման նպատակով: ՌԴ-ի ու Իրանի համար թուրքական իշխանությունները որքանո՞վ են վստահելի:
– Ես կասեի, որ ՌԴ-ը, Թուրքիան ու Իրանն առաջին հերթին միավորել են իրենց ջանքերը՝ ԱՄՆ-ի ազդեցությունը զսպելու համար։ Սակայն, երբ ԱՄՆ-ի գործոնը թուլանում կամ վերանում է մի շարք հարցերում, անմիջապես զգացնել են տալիս այս երեք երկրների դիրքորոշումների տարբերությունները, նրանց միջեւ առկա տարաձայնությունները։ Նրանք համակարծիք են, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների (իրենց) կողմից, որ արտատարածաշրջանային երկրները (ԱՄՆ) չպետք է խառնվեն դրանց, եւ ահա երբ գալիս է հարցը տարածաշրջանի երկրների կողմից լուծելուն, տարածաշրջանային այդ երեք երկրներն անմիջապես խնդիրներ են ունենում միմյանց հետ։
Բնական է, որ երեք երկրները, անկախ իրենց որոշակի ջերմացումից, շարունակում են մնալ մրցակիցներ եւ անգամ հակառակորդներ, նրանց հարաբերությունները շարունակելու են ընթանալ վայրիվերումներով՝ առանց լուրջ փոխվստահության։ Այս փուլում երեք երկրների հարաբերությունները մի փոքր կարող են ջերմանալ ԱՄՆ-ում ընդունված Կեսարի օրենքի (հակաամերիկանիզմի) ֆոնին, իսկ թե ինչպիսին պետք է լինի հետպատերազմյան Սիրիան, այստեղ արդեն երեք երկրների միջեւ կան եւ կլինեն լուրջ տարաձայնություններ եւ խնդիրներ։ Այդ օրենքը շատ լուրջ հարված է ոչ միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությանը, այլեւ՝ երեք երկրների սիրիական հավակնություններին։ Դա զգալի վնաս է նաեւ թուրքական շինարարական ոլորտի համար, որը, կարելի է ասել, արդեն ձեռքներն էր շփում՝ հետպատերազմյան Սիրիայում համապատասխան գործունեություն ծավալելու համար (այդպիսով վտանգվում է թուրքական տնտեսության աշխուժացումը)։
– Վերջերս ուշագրավ տեղեկություն ստացվեց: ԱՄՆ կոնգրեսի սենատոր Ջոն Թյունը 2021թ. ֆիսկալ տարվա պաշտպանական բյուջեի նախագծում առաջարկել է ԱՄՆ-ին գնել Թուրքիայի ձեռք բերած ռուսական C-400 ՀՕՊ համակարգերը՝ Անկարայի հետ տարաձայնությունները վերացնելու համար։ Թուրքիան իրավունք չունի առանց Մոսկվայի թույլտվության մեկ այլ երկրի վաճառել Ռուսաստանից ՀՕՊ համակարգերը, նշել էր ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի խոսնակ Մարիա Վորոբյովան։ ԱՄՆ-ից մեկ պահանջում են պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ, մեկ՝ ամրապնդել հարաբերությունները Թուրքիայի հետ: Ի՞նչ է կատարվում թուրք-ամերիկյան հարաբերություններում:
– Թուրք-ամերիկյան հարաբերություններն իրականում շարունակում են մնալ լարված, սակայն այստեղ կարելի է նշել առնվազն երկու մակարդակ։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների անձնական հարաբերությունների մակարդակը թերեւս գերազանցում է ԱՄՆ-Թուրքիա միջպետական հարաբերությունների հարցը (ԱՄՆ Կոնգրեսը շատ հարցերում հանդես է գալիս Թուրքիայի նկատմամբ ավելի խիստ դիրքերից, քան՝ նախագահ Դոնալդ Թրամփը)։ ԱՄՆ-ը փորձում է ելքեր գտնել այն իրավիճակից, որն Էրդողանն է առաջացրել՝ Ռուսաստանից գնելով C-400 համակարգեր։
Շարունակում եմ պնդել, որ ըստ իս՝ Էրդողանը դրանք գնել է առաջին հերթին հնարավոր նոր ռազմական հեղաշրջման փորձի (կամ ներքին ավիահարձակման) ժամանակ, այսպես կոչված, դավադիրների ավիացիայից (ամերիկյան F-16 կործանիչներից, որոնց C-400 համակարգը ճանաչում է որպես օտար) իր նախագահական նստավայրն ու իր ինքնաթիռը պաշտպանելու համար։ Թերեւս հենց դա էր պատճառը, որ Էրդողանը գործը հասցրեց տրամաբանական ավարտին, Ռուսաստանից ձեռք բերեց այդ համակարգերը, ընդ որում՝ բավական արագ ժամկետում (3 տարուց էլ կարճ ժամանակահատվածում)։ Ներկայումս տպավորությունս այնպիսին է, որ ստեղծված պատային իրավիճակից դուրս գալու իրական փորձեր ձեռնարկում է ամերիկյան կողմը եւ ոչ թե Էրդողանը։ Իմ կարծիքով՝ եթե ամերիկյան կողմը իրապես ցանկանում է հասնել նրան, որ Էրդողանը հրաժարվի ռուսական այդ համակարգերից, ապա նա պետք է դիմի տնտեսական պատժամիջոցների օգնությանը, քանի որ միայն սեփական տնտեսական հիմքերի էական սասանումն առաջիկա կարեւոր ընտրություններից առաջ Էրդողանին կհարկադրի գնալ զիջումերի։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հայկ Գաբրիելյանի լուսանկարը՝ Միջազգային եւ Անվտանգության հարցերի
Հայկական ինստիտուտ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:
«Առավոտ» օրաթերթ, 09.07.2020