Շուտով կլրանա մեկ տարին, որ 81-ամյա Լենա Ավետիսյանը դատարանների դռներն ընկած պայքարում է իր բնակարան ջուր անցկացնելու համար: Երեկ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այս գործի հերթական նիստն էր:
Բանն այն է, որ տիկին Լենայի հարեւանները թույլ չեն տալիս, որ տարեց կինն իր բնակարանը ջրաֆիկացնի՝ պատճառաբանելով, որ իրենց գույքին վնաս կհասցվի, քանի որ շենքը վթարային է, միջբնակարանային հատակը, որը մյուս հարեւանի առաստաղն է, փայտից է եւ ջուր անցկացնելու դեպքում ինքը հնարավոր է վնասներ կրի:
Ուշագրավն է այն, որ ամբողջ շենքը ջրաֆիկացված է: Իր բնակարանում ջուր ունի նաեւ այդ նույն հարեւանը, որը թույլ չի տալիս Լենա Ավետիսյանին ջուր անցկացնել: Տիկին Լենան ապրում է երկրորդ հարկում, նրա մնացած հարեւանները նույնպես ջուր անցկացրել են եւ որեւէ մի կառույց՝ «Երեւան ջրից» սկսած, վարչական շրջանով, Երեւանի քաղաքապետարանով ու հետագայում նաեւ «Վեոլա ջուր» ընկերությունով վերջացրած, որեւէ առարկություն չեն հայտնել:
Ավելին «Վեոլա ջուր» ընկերության կողմից տեխնիկական պայման է տրվել նաեւ Լենա Ավետիսյանին, որտեղ գծագրի միջոցով նշվում է՝ ինչ ձեւով ջուրն անցկացնել բնակարան: Սակայն, ինչպես Լենա Ավետիսյանն է պատմում, ամեն անգամ, երբ վարպետ է հրավիրում, որ աշխատանքները սկսի, հարեւանը վեճ ու կռիվ է սարքում եւ խոչընդոտում այդ աշխատանքներին:
Կարդացեք նաև
Տարեց կինն իր իրավունքները պաշտպանելու համար ստիպված դիմել է դատարան: Նրա պաշտպանը՝ Մարինա Գրիգորյանը, հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Լենա Ավետիսյանի հարեւանների՝ Ալբերտ Ալեքսանյանի, Վաչագան Ալեքսանյանի, Հրաչ Նահապետյանի:
Երեկ դատարանում պարզվեց, որ «Վեոլա ջուր» ընկերության կողմից տրված տեխնիկական պայմանի ժամկետը, որը մեկ տարով էր, ավարտվել է: Նիստը վարող դատավոր Դիանա Հովհաննիսյանը հորդորեց նոր տեխնիկական պայման բերել՝ միաժամանակ հետաքրքրվելով՝ արդյոք այդ տեխնիկական պայմանը բավարար է, որպեսզի ջրանցկացումը տեղի ունենա: Լենա Ավետիսյանի պաշտպանը հայտնեց, որ մյուս հարեւաններն էլ այդ տեխնիկական պայմանով են իրենց բնակարաններում ջուր անցկացրել: Պատասխանող կողմի շահերի ներկայացուցիչ Գայանե Պապոյանը դատարանին ներկայացրեց փորձագետի եզրակացությունը, տիկին Լենայի՝ բնակարանը ջուր անցկացնելու անհնարինության մասին: Նաեւ դատարանին տրամադրեց 2012 թվականի վճիռը, որով դատարանը մերժել է Լենա Ավետիսյանին ջուր անցկացնել:
Սակայն Լենա Ավետիսյանի պաշտպանն ասաց, որ փորձագետի եզրակացությունը հակասում է այլ փաստերին: Նախ՝ այդ եզրակացությունը տալուց հետո «Վեոլա ջուրը» տվել է տեխնիկական պայման, ինչը հավաստում է, որ Լենա Ավետիսյանը կարող է իր բնակարան ջուր անցկացնել եւ բացի այդ, փորձագետի եզրակացությունից հետո մնացած հարեւանները անխոչընդոտ ջուր են անցկացրել:
Այս գործով նիստը հետաձգվեց՝ նշանակվելով 2020 թվականի սեպտեմբերի 10-ին ժամը 10-ին, որի ժամանակ Լենա Ավետիսյանի պաշտպանը պետք է «Վեոլա ջրից» նոր տեխնիկական պայման ներկայացնի, բացի այդ, դատական նիստին պետք է մասնագետ ներգրավեն, որը ջրաֆիկացման առնչությամբ մասնագիտական կարծիք կհայտնի:
Նշենք, որ Լենա Ավետիսյանը միայնակ, անժառանգ թոշակառու է: Շենքը, որտեղ բնակվում է Լենա Ավետիսյանը, հանրակացարան է, գտնվում է Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 18 հասցեում: Այս հանրակացարանը նախկինում պատկանել է «Կանազ» գործարանին, սակայն 25 տարի առաջ գործարանի հաշվեկշռից դուրս է եկել:
Լենա Ավետիսյանը թոշակից կոպեկ կոպեկ հավաքել՝ տարիներ առաջ լվացքի մեքենա է գնել, բայց այն արդեն հինգերորդ տարին է, որպես անպիտան գույք խորդանոցում դրված է: Նա նաեւ ջուրը երկրորդ հարկ բարձրացնելու խողովակներ էր գնել, որոնք սակայն նպատակին չեն ծառայել: Երեկ Լենա Ավետիսյանը նույնպես ներկա էր դատական նիստին: Լսելով, որ նիստը եւս երկու ամիս երկարաձգվեց՝ նեղսրտեց՝ «Կրկին ձմեռը կգա ու ջրի հարցը լուծված չի լինի»: Տարեց կինն ասում է՝ այնքան ջուր է կրել, թեւերը, ձեռքերը ջլատվել են: Ձմռանը մի ձեռքը ջուր կրելուց ցրտահարվել է, մյուս ձեռքն էլ անցած ձմռանն է կոտրել եւ արդեն ի վիճակի չէ անգամ փոքրիկ դույլ բարձրացնել: Նա իր կենցաղային հոգսերը հոգալու համար ջուրը կրում է արդեն 23 տարի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.07.2020