Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ես զարմացա, որ «Գորշ գայլեր» կազմակերպության  անդամը Ադրբեջանում աշխատում է որպես լրագրող, նրանք հակադարձեցին՝ թե Հայաստանում էլ կան կուսակցական լրագրողներ»

Հուլիս 10,2020 13:30

Ինչ էր գրում «Առավոտ»-ը 20 տարի առաջ հուլիսի 18-28-ը

2000թ. հուլիսի 18-ին «Առավոտ»-ի խմբագրականն անդրադարձել էր ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի նախորդ օրվա ասուլիսում հնչած այն մտքին, թե մամուլում չկան բարյացակամ նյութեր բանակի սպաների մասին:

Խմբագրականում տեղեկացվում էր, որ այդ օրերին 3 դասալիք սպանել էին 8 զինվորի եւ մի երեխայի. «Գովաբանական հոդվածների ժամանակը կգա այն պահից, երբ ոչ մի ծնող չի վախենա իր երեխային բանակ ուղարկել, վստահ լինելով, որ ամեն մի զորամասում տեղի ունեցածը գտնվում է բանակի ղեկավարության հսկողության խստագույն վերահսկողության տակ: Դրանից շուտ գովելն անիմաստ է»:

Նույն օրվա թերթից տեղեկանում ենք, որ «Հոկտեմբերի 27-ի գործով» զոհվածների կանայք` Ռիմա Դեմիրճյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Պետրոսյանը, Սիլվա Աբրահամյանը, Արշալույս Քոթանյանը, Արմինե Արմենակյանը, Արծվիկ Միրոյանը հանդես են եկել հայտարարությամբ:

Նրանց դժգոհությունը պայմանավորված էր զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի որոշումների հետ, համաձայն որոնց կարճվել էին Ալեքսան եւ Հարություն Հարությունյանի, Նաիրի Բադալյանի, Արթուր Հակոբյանի գործերի վարույթները, դադարեցվել էր նրանց նկատմամբ քրեական հետապնդումը: Զոհվածների կանայք գրել էին. «Ստեղծված իրավիճակում մենք դիմում ենք ժողովրդին`կոչ անելով տեր կանգնել իրեն իսկ պատկանող պետական իշխանությանը եւ արժանի գնահատական տալ այդ իշխանությանն ի շահ իրենց գործադրած անձանց հանցագործ խարդավանքների»: Հաջորդ օրվա մամուլում Գ. Ջհանգիրյանի պատասխանն էր. «Եթե համաձայն չեն, քրգործի մի շարք մասերի վարույթը կարճելու որոշմանը` թող բողոքարկեն»:

Տողերիս հեղինակը հուլիսի 18-ին հանդիպել էր զոհվածների կանանց հետ, նրանք ասել էին, որ մտադիր են ասուլիս հրավիրել, դեռ դատարան դիմելու մասին խուսափել էին ասել, ավելին, նույնիսկ իրենց ներկայացուցիչ-փաստաբանների անունները հրապարակել չէին ցանկացել:

Հուլիսի 20-ին տեղեկացնում ենք, որ «Հոկտեմբերի 27-ի գործով» անցնող,  լրագրող Նաիրի Բադալյանի հարցազրույցից հետո, ՆԳ նախարարի կարգադրությամբ ծառայողական քննություն է սկսվել Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում: «Անմեղությունը հիմք չէ» խորագրով հարցազրույցում Ն.Բադալյանն ասում է. «Մեկուսարանից դուրս գալու համար անմեղությունը պարտադիր պայման չէ, պետք է բախտ ունենաս»: Ծառայողական քննությունը պայմանավորված էր Բադալյանին կտտանքների ենթարկելու, մեկուսարանի պետի գործողությունների հետ:

Նույն օրվա «Առավոտում» Շաղիկ Մարուխյանը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ից 11-ը Բաքվում տեղի է ունեցել ֆրանսալեզու լրագրողների հերթական սեմինարը, որին Անդրկովկասից երեսուն լրագրողներ են մասնակցել, այս թվում ինքը եւ Լուսինե Այվազյանը. «Մեզ կցել էին «թիկնապահներ», որը նորմալ եմ համարում, բայց նրանք հնարավորություն չէին տալիս, նույնիսկ իրենց հսկողությամբ դուրս գալ փողոց, խոսել ժողովրդի հետ, այցելել խմբագրություններ, հանդիպել քաղաքական գործիչներին: Դա նորմալ չէ: Երբ ադրբեջանցի լրագրողները գալիս են Հայաստան, նրանց համար այդ հնարավորությունները ստեղծվում են: Ես ասում էի` հետեւեք ինձ, մենակ մի թողեք, բայց տարեք այնտեղ, ուր ես եմ ուզում»:

Հարցին`«Արդյոք ադրբեջանական այդ քարոզիչները այն չափով զարմացա՞ծ էին, որ գիտեին ինչ բան է դաշնակցությունը, կամ ո՞վ է Հրայր Մարուխյանը», Շ.Մարուխյանը պատասխանել էր. «Ուղղակիորեն այդ մասին ոչ ոք չէր խոսում, բայց որոշ ակնարկներից հետո հասկացա, որ իրազեկ մարդիկ կան: Օրինակ, երբ ես զարմացա, որ «Գորշ գայլեր» կազմակերպության  անդամը Ադրբեջանում աշխատում է որպես լրագրող, նրանք հակադարձեցին`թե Հայաստանում էլ կան կուսակցական լրագրողներ»:

«Առավոտ»-ը միակն էր, որ լուսաբանում էր «Մեկ» կահույքի սրահի տնօրեն Արայիկ Մխիթարյանի սպանության գործը Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ: «Ես եմ ականջներիցդ ավտոմատ կախելու». սա ինձ ուղղված հերթական սպառնալիքն էր, որի մասին գրվել է 20 տարի առաջ հուլիսի 20-ի թերթում, իսկ սպառնացողները` երկու հեղինակություններն էին` Լեւիկն ու Արծոն:

Հուլիսի 21-ին «Առավոտ»-ում տպագրվել էր սահմանադրագետ, իրավագետ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Վլադիմիր Նազարյանի հարցազրույցը: «Չե՞ք մեկնելու որեւէ տեղ հանգստանալու» հարցին նա պատասխանել էր. «Եթե մեկնելիս գլուխս էլ հետս եմ տանելու, էլ ի՞նչ հանգստի մասին է խոսքը»:

Իսկ հարգարժան իրավագետի հետ հարցազրույցը «Հոկտեմբերի 27-ի գործով» հարազատների բողոքների, զինդատախազի` կարճելու որոշումների մասին էր. «Կամ ես մեկ առ մեկ կհերքեի գործով ձեռք բերված ապացույցները եւ կկարճեի որոշումը, կամ, եթե ես հնարավորություն չունեի ձեռք բերված ապացույցները հերքել, ես դատի կտայի, թող դատարանը պարզեր»: Իրավագետը նաեւ հերքում էր շրջանառվող լուրերը, համաձայն որոնց՝ ինքն էր զոհվածների կանանց նամակի հեղինակը. «Դա այնպիսի իրավաբանական ստեղծագործություն չէ, որ ես ստեղծեի: Նամակի հեղինակները նրանք են, ովքեր ստորագրել են այդ նամակի տակ»:

Հուլիսի 10-ից վճռաբեկ դատարան դիմելու համար այլեւս պետք էր, որպեսզի հատուկ արտոնագիր ունենար փաստաբանը: Ժամանակի մամուլը, այդ թվում եւ մերը, քննարկում էր այս թեման: Հատուկ փաստաբաններից մեկի` Վ.Սաֆարյանի օրինակն էր բերվում. նա երկու հարյուր բողոք էր բերել: Դա մի ժամանակահատված էր, երբ մարզերի բնակիչները թողած իրենց գործը, փնտրում էին Երեւանում հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների, որոնք ըստ իրավաբանական շրջանակների, չէին կարողանում գրել բողոքները, քանի որ գործին տեղյակ էր մեկ այլ փաստաբան, իսկ նա միայն ստորագրողն էր:

ՊՆ ռազմաօդային ուժերի ղեկավար Քաջիկ Մնացականյանին ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Էդիկ Մադաթյանը`Խուճուճ Էդոն, զրկել էր բջջային հեռախոսից օգտվելու իրավունքից: Նրա հեռախոսի ծախսերը փակվում էին քաղաքացիական ավիացիայի հաշվին: Սակայն նրան զրկելուց հետո ավիացիայի հաշվին բջջայինից օգտվելու պատվին արժանացան ԱԺ 13 պատգամավորներ, որոնց անունները գրել էր մեր լրատվամիջոցը:

Հուլիսի 25-ին  ԼՂՀ ԱԳՆ-ն փոխանցել էր ԼՂՀ դատախազության պատասխանը Ժուդեքս Շաքարյանին` «Մարտի 22-ի գործը» Հայաստան տեղափոխելու վերաբերյալ. «ԼՂՀ-ն դե ֆակտո անկախ պետություն է` իր պետական բոլոր ատրիբուտներով, այդ թվում` նաեւ դատական իշխանությամբ: Եվ այդ պատճառով դժվար է հասկանալ պր-ն Շաքարյանին, որը փորձում է պաշտպանել ԼՂՀ քաղաքացու շահերը` արհամարհելով ԼՂՀ անկախությունը»:

«Ակադեմիկոս Գուրզադյանն ընդդեմ 46-ի եւ` հակառակը» հրապարկամամբ տեղեկացրել էինք Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող դատավեճի մասին. «Գալակտիկա»-ի աշխատակիցներին` ծառայողական բնակարաններից զրկելու, այդ կապակցությամբ բողոքելու հետ կապված: Մինչ այդ ակադեմիկոսը դիմել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Է.Ղազարյանին` իրեն պատճառած վիրավորանքների եւ հալածանքների համար:

Ն.Գալստյանի նախագահությամբ նիստին Գուրզադյանի ներկայացուցիչ, ճանաչված փաստաբան Մարինա Ջանոյանն առարկել էր, որպեսզի տեսանկարահանվի նիստը. «հեռուստալիքներով ոչ ճիշտ ինֆորմացիան բացառելու նպատակով»: Լրագրողները հեռացվել էին նիստերի դահլիճից, ինչին հաջորդել էր դատավորին բացարկ հայտնելը:

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում լսվում էր Լադիկ Հարությունյանի, Կարեն Քոչարյանի եւ Հրաչիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը: Աղմկահարույց այս գործով, զինվոր էր սպանվել` Սոս Սարգսյանը եւ վարկածներից մեկով իբր ինքնասպանություն էր կատարվածը: Զինդատախազության քննիչը կորցրել էր վիրավորված Ա. Գալստյանի բաճկոնը: Ըստ գործի նյութերի, Սոս Սարգսյանի կրծքավանդակին էր կպել գնդակը, ապա կպել Ա. Գալստյանին` պատճառելով մարմնական վնասվածք: Բաճկոնը կորցնելու պատճառով փորձաքննություն  տեղի չէր ունեցել: Այդ գործով ներգրավված էր այդ տարիների զինվորական գործերով հայտնի փաստաբան Վլադիմիր Յավրումյանը: Նա էլ դատարանին հայտնել էր, որ փաթեթավորված ինքնաձիգի փաթեթը բացվել է, փակուղակը փոխվել է, իսկ Ա. Գալստյանի մարմնից հանված գնդակը կրակված չէ ներկայացված երեսունվեց խումբ փորձարարական գնդակների նմուշներից որեւէ մեկ զենքից:

Հուլիսի 28-ին տեղեկացնում ենք, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դեմ հարուցվել է քրեական գործ` տուժողին կամ վկային սուտ ցուցմունքներ տալու դրդելու համար հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունը թաքնված տեսախցիկով նկարել էր պատգամավորի` Ռուբեն Գեւորգյանի հանդիպումը հարձակման արդյունքում տուժած կնոջ հետ: Պատգամավորը համոզել էր կնոջը փոխել  իր նախնական ցուցմունքները, որ ապահովի իր կազմակերպած կեղծ մեղայականը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031