Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուզեի վարչապետի ու կառավարության անդամների այսօրվա ուշադրությունն ու հոգատարությունը համաճարակից հետո նույն «ռեժիմով» ուղղվեր մշակույթին»

Հուլիս 10,2020 13:00

Հարցազրույց կինոռեժիսոր Միքայել Աբրահամյանի հետ

– Երիտասարդ  կինոռեժիսորի ձեր անցած ուղին հասկանալի պատճառով երկար չէ։ Կինոմանների շրջանում բարձրարվեստ ֆիլմերի թվում հաճախ ենք լսել ձեր «Շունը», «Ծովը» կարճամետրաժ գործերի անունները։ Գիտենք, որ որպես ռեժիսորի օգնական հանդես եք եկել ճանաչված անուններ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր», «Սիմոնի ճամփան», Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճին» ֆիլմերում եւ այլն։ Կատակում են նաեւ, թե դուք ձեզ նվիրել եք վարժապետությանը, ինչի արդյունքում հեռացել եք ստեղծագործական կյանքից։

– Դասավանդելն իմ տարերքն է։ Նման գործունեություն եմ ծավալում Էջմիածնում, ամառային դպրոցներում, Հայ-ռուսական համալսարանում, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում եւ «Աբելյան արվեստի դպրոցում»։ Այո, գուցե ժամանակավորապես, բայց հեռացել եմ ստեղծագործական կյանքից։ Այստեղ պատճառը մեկն է. Հայաստանում չկա հովանավորչական մշակույթ։

– Ի դեպ, մեր զրուցակիցների մի ստվար մասն էլ հավաստիացնում է, որ ձեր առջեւ խնդիր եք դրել Հայաստանում ունենալ ճշմարիտ կինոմտածողությամբ հանդիսատես։

– Դա իմ երազանքն է։ Յուրաքանչյուր քայլս հենց դրան է տանում։

– Ի՞նչ եք կարծում՝ միայն կրթելով հնարավո՞ր է հասնել հանդիսատեսի մտածողության նման որակի։

– Իրականում կինոմտածողությունը ներառում է տարբեր էլեմենտներ՝ պատկերային մտածողություն, ձայնային, զգացական ընկալում… Ամենակարեւորը չափի զգացման ընկալումն է։ Մի կարեւոր հանգամանք եւս. կինոմտածողությունը մտքի աշխատանքի ձեւ է։ Եթե մարդն ի սկզբանե չունի նշածս մտածողության համալիրը, նրան սովորեցնելը գրեթե անհնար է։ Օրինակ, միայն պատկերային մտածողությամբ օժտված անձը կարող է դառնալ նկարիչ, քանդակագործ կամ վիզուալ արվեստների ընկալող, ստեղծող։ Եթե ձայնային «մտածողությանն» է ուղղված մարդու մտային կարողությունը, նա կարող է դառնալ հիանալի երաժիշտ, հնչյունային ռեժիսոր եւ այլն։ Մի բան անքննարկելի է. առանց կրթության, ինքնակրթության ու զարգացման, այդ համալիրը հավիտենական կարող է ննջել մարդու մեջ կամ զարգանալ ոչ ճիշտ ուղղությամբ։

Կարեւորում եմ երեխաների հետ աշխատանքը։ Կինոմտածողությունը պետք է ներարկել երեխային փոքր տարիքից։ Դա ավելի արդյունավետ է։

– Մի պահ պատկերացնենք, որ երեխան, ասենք՝ ձեր սանը, դասից հետո գնում է տուն եւ շատ հնարավոր է՝ բախվում է ստացած գիտելիքների բոլորովին հակառակ երեւույթների հետ, ասենք՝ ծնողները դիտում են ցածրորակ սերիալներ…

– Ինքս քանիցս առնչվել եմ նման դեպքերի կամ խնդրի հետ, երբ երեխան հաջորդ դասին պատմում է նախորդ օրը դիտած հնդկական, հայկական, բրազիլական… անորակ սերիալները։

– Չե՞ք կարծում, որ սերիալների թվում էլ կան հաջողվածները։

– Եթե նկատի ունեք սերիալների համաշխարհային արտադրությունը, ապա իրավացի եք, քանի որ այդ ժանրը առաջընթաց է ապրում, ինչը չէի ասի հայկականի մասին։

– Ի վերջո, եկեք հասկանանք՝ հայկական սերիալում կոնկրետ ի՞նչն է կաղում. սցենա՞րը, թե՞ խաղը, գուցե հենց կինոմտածողությո՞ւնը…

– Ըստ էության կինոմտածողության շրջանակում ընդգրկված է եւ սցենարը, եւ խաղը, եւ ռեժիսուրան…

– Կարո՞ղ ենք առանձնացնել եւ մեղավոր փնտրել՝ առանձնացնելով մեկին։

– Մեղավորը բոլորն են՝ պրոդյուսերից մինչեւ հանդիսատես։ Բայց այս դեպքում հանդիսատեսի մեղքը նվազագույն է, որովհետեւ նրա մի ստվար հատված  տասնամյակներ շարունակ իրեն «նվիրել» է իրարից չտարբերվող, անորակ, հեշտ մարսվող  արտադրանքին, այդպիսով հայտնվելով դեգրադացված վիճակում։ Մի բան էլ կա. այնքան է մարդու միտքը զբաղված առօրյա խնդիրներով, հոգսերով, որ նա նախընտրում է ընդունել հնարավորինս դյուրամարս նյութեր։ Իսկ հայաստանյանն ուղղված է հանդիսատեսի միտքը դեգրադացնելուն, օգտագործելով այն հանգամանքը, իբր հանդիսատեսը հակված է «թեթեւ» արտադրանք ընդունելուն։

– Համակարծիք չե՞ք, որ եթե բարձրարվեստ նյութ հրամցվի հանդիսատեսին, իհարկե՝ ոչ անմիջապես, բայց միառժամանակ անց նա սիրով կընդունի այն եւ, ինչու ոչ՝ կկրթվի։

– Նման փորձեր եղել են, երբ հանդիսատեսին ներկայացվել են բարձրարվեստ ֆիլմեր, երաժշտություն…, սակայն նրա մոտ ընկալման խնդիր է առաջացել, քանի որ մեծ հաշվով բարձր արվեստը տասնամյակներ շարունակ հեռացվել  ու հեռացրել են հանդիսատեսից, ինչի արդյունքում դժվար է դարձել նման  նյութի ընկալումը։

Մեզ մոտ անցկացվում են հիանալի միջոցառումներ, այդ թվում՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, կազմակերպվում են բրիտանական, ճապոնական ֆիլմերի ցուցադրություն եւ այլն։ Բայց հանդիսատեսը նույն մարդիկ են, մի ցուցադրությունից վազում են մյուսը եւ, անկասկած, նրանց մեծ մասը մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են, իրական արվեստի սիրահարներ։

– Այս հարցում պետությունն էլ իր դերն ունի. տեսեք՝ լեհական պառլամենտի նախաձեռնությամբ եւ ֆինանսական մասնակցությամբ աշխատավարձերի հետ պարգեւավճարի կարգով ամեն ամիս տրվում է մշակութային օջախներ հաճախելու տոմսեր, ինչն էլ հենց զարգացող մշակութային կյանք ունենալու երաշխիքն է։

– Իհարկե, պետության դերը մեծ է։ Մեր օրերում կրթության եւ մշակույթի մեկտեղումը մեկ նախարարության կազմում հուսադրող է, թեկուզ նրանից ելնելով, որ մշակույթի զարգացումը  կսկսվի կրթական համակարգից։ Դարձյալ կրկնվեմ՝ կոնկրետ կինոմտածողության զարգացումը պետք է սկսել փոքր տարիքից։ Իհարկե, անհրաժեշտ է պետական մակարդակով բարոյական աջակցությունը։ Հենց թեկուզ վերցնենք գովազդի ոլորտը. պանդեմիայի շրջանում մեր վարչապետն ամեն օր ցանկացած առիթ բաց չի թողնում հորդորելու, հիշեցնելու անվտանգության կանոնները պահպանելու  անհրաժեշտության մասին՝ չխնայելով իր սուղ ժամանակը։ Շատ կուզեի, որ վարչապետը կամ կառավարության անդամները համաճարակի ավարտից հետո հաճախ այցելեին մշակութային օջախներ եւ, ինչու ոչ, օրինակ, հեռուստատեսությամբ իրենց խոսքով, հորդորով հանդիսատեսին ուղղորդեին մշակութային միջոցառումների։

Մի կարեւոր հանգամանք եւս՝ մշակույթը միայն արվեստը չէ, այլ հասարակության աշխարհայացքը, վարվելակերպը… Դարերից եկած խոսք կա, չէ՞՝ մարդ պետք է կուլտուրա ունենա…

– Այդ ամենն ի վերջո մտածողությունից է, չէ՞, գալիս։

– Մտածողությունը գլխավոր խնդիրն է։ Մեր կինոոլորտում տասնամյակներ շարունակ շրջանառվող միտքը, թե ֆինանսի պակասն է անորակ ֆիլմերի արտադրության պատճառը, մասամբ է համապատասխանում իրականությանը։ Իմ կարծիքով՝ դերասանական խաղը կամ սցենարը ֆինանսի չափի հետ որեւէ կապ չունեն։ Այստեղ կրթության խնդիրն է, որը չի համապատասխանում համաշխարհային արդի մոտեցումներին։

– Դուք որպես կրթական ոլորտի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք տեսնում ոլորտի կազմակերպումն ընդհանրապես։

– Հասուն տարիքում միակ ելքը ինքնակրթությունն է, եթե իհարկե ունես ամուր հիմք։ Իսկ եթե ուզում ենք ունենալ որակյալ կինոարտադրանք ստեղծողներ, ճիշտ կլինի, որ որոշ ժամանակով դադարեցնենք ընդունելությունը կինոարվեստի բաժիններ ունեցող բուհերում եւ այդ ժամանակ հրավիրենք Եվրոպայից գոնե դերասանի վարպետության եւ ռեժիսորի մասնագիտությունների համար մասնագետների։

– Ձեր նշած մասնագետները չկա՞ն մեր երկրում։

– Իհարկե՝ կան, բայց շատ փոքրաթիվ են եւ, ինչու ոչ, նրանց էլ է պետք անցնել վերապատրաստման դասընթացներ։

– Դուք ուսանել եք ճանաչված կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի արվեստանոցում…

– Հասկանալի է ձեր հարցը։ Մաեստրո Էդգար Բաղդասարյանը բացառությունների թվում է։ Ընդ որում, նա ուսանողների համար ամուր հիմք է ստեղծում հետագայում ինքնազարգացման համար։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031