Գեղանկարիչը հայտարարում էր, որ աշխարհը նրա համար է, որ ենթարկվի իր վրձնի շարժումներին:
Կլոդ Մոնեն ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից է եւ ամենավառ ներկայացուցիչներից մեկը: kulturologia.ru-ն որոշ մանրամասներ է ներկայացրել աշխարհահռչակ գեղանկարչի մասին:
Ըստ աղբյուրի, Կլոդ Մոնեն ահավոր կամակոր էր, կռվարար եւ պատրաստ էր ամեն ինչի, միայն թե իր ասածով լինի ամեն բան:
1860-70 թվականները ֆինանսական առումով ծանր են եղել նրա համար: Մոնեն բազմաթիվ պարտքեր էր կուտակել, հազիվ էր գոյատեւում, սակայն չէր ցանկանում իր կտավները վաճառել ամեն մեկին:
Նա անգամ պատրաստ էր այրել իր աշխատանքները, քան վաճառել էժան գնով կամ անարժան մեկին:
Մի անգամ նրա արվեստանոց այցելեց մեկը, եւ հետաքրքրվեց, թե ինչ արժի Մոնեի կտավը, նկարիչը պատասխանեց, որ այն հիսուն ֆրանկ է: Այցելուն զարմացած թոթվեց ուսերը, հեռացավ՝ ասելով, որ նման խզբզոցի համար այդքան չի վճարի:
Կարդացեք նաև
Երբ 1880-ական թվականներին Կլոդ Մոնեի փառքը սկսեց աճել, զուգահեռ էլ նրա նկարների արժեքն արագորեն բարձրացավ, նույն այցելուն վերադարձավ եւ առաջարկեց 500, ապա 1000 ֆրանկ՝ գեղանկարչի կտավի համար, սակայն Մոնեն անսասան էր: Նա պատասխանեց, որ իր աշխատանքներն այդ մարդուն չի վաճառի նույնիսկ 50000 ֆրանկի դիմաց:
Մոնեն ատում էր ամպամած եղանակը, եւ եթե արթնանում ու տեսնում էր, որ երկինքը մռայլ է, նրա տրամադրությունն ընկնում էր, չէր ցանկանում որեւէ մեկի հետ խոսել եւ առանձնանում էր իր սենյակում: Նման օրերին նա չէր ընդունում հյուրեր՝ առանց հրավերի եւ կարող էր անգամ կոպտել նրանց: Մոնեն հաճախ էր վիճում ընկերների հետ: Նա մտերիմ էր հատկապես Օգյուստ Ռոդենի հետ, հաճախ էր նրան հյուրընկալվում, բայց դա չէր խանգարում, որ հյուրընկալություններն ուղեկցվեին վեճերով:
Մի անգամ Ռոդենն ու Մոնեն պետք է համատեղ ցուցահանդես կազմակերպեին: Ռոդենը ուշացել էր եւ վերջին պահին փորձում էր մի կերպ դասավորել իր աշխատանքները: Դա զայրացրեց Կլոդ Մոնեին եւ նա Ռոդենին ասաց, որ քանդակներով ծածկում է իր կտավները: Ռոդենին զայրացրեց Մոնեի հարձակողական տոնը եւ բարձր ձայնը, նա էլ ասաց, որ թքած ունի Մոնեի կտավների վրա: Արդյունքում մտերիմ ընկերները խռովեցին միմյանցից, եւ ցուցահանդեսը չկայացավ: Չնայած բռնկուն բնավորությանը, Մոնեն, սակայն, հիշաչար չէր:
Ըստ որոշ տեղեկությունների՝ տեսողության խնդիրների պատճառով աչքերի երկու վիրահատություն տարած Մոնեն մանուշակագույնը սկսել էր շուշանագույն տեսնել: Ասում են՝ նույն պատճառով էր, որ իր «Ջրաշուշանները» հայտնի կտավում դրանք պատկերել է երկնագույն:
Կլոդ Մոնեն մահացել է թոքի քաղցկեղից՝ 1926 թվականին, 86 տարեկանում: Վերջին նկարը նա նկարել է 84 տարեկանում: Նկարիչը մահվանից առաջ պնդել է, որ իր հոգեհանգիստը համեստ լինի, այդ պատճառով էլ նրան հրաժեշտ տալու է եկել ընդամենը 50 մարդ:
Կլոդ Մոնեից բազմաթիվ ասույթներ են հայտնի, օրինակ, նա ասում էր, որ ինչքան ապրում է, այնքան ափսոսում է, որ քիչ բան գիտի: «Ես ձգտել եմ իրականություն դարձնել անհնարինը՝ նկարել գույնը»,-ասել է նա: Գեղանկարիչը հայտարարում էր, որ աշխարհը նրա համար է, որ ենթարկվի իր վրձնի շարժումներին:
Պատրաստեց
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
09.07.2020