ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցում էր նախագծերի փաթեթ, որով առաջարկվող մի շարք կարգավորումների համատեքստում հատկապես ուշադրության է արժանի երկու հանգամանք`
- Սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ անկախ սեփականության ձևից (մասնավոր և պետական բուժհաստատություններ) բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառավարման լիազորություններն անցնում են ՀՀ առողջապահության նախարարությանը:
Անկեղծորեն չգիտեմ, ովքեր են այն իրավաբանները, որ նման խորհուրդներ են տալիս, սակայն նման կարգավորումները սահմանադրականության լուրջ խնդիր են առաջացնում` անկախ նրանից, թե բուժհաստատությունների ղեկավարները ինչ հավաստիացումներ են անում կամ ինչքանով են համաձայն: Վերանայեք այս մոտեցումը, այլապես դատական քաշքշուկները երաշխավորված են։ Մհեր Գրիգորյանը այսօրվա նիստում միանգամայն լեգիտիմ ու իրավաչափ հարցադրում էր բարձրացնում բաց թողնված եկամտի մասով, որը երաշխավորված է օրենսդրությամբ ու հարկ է մտածել այդ մասին։
- Բացի դրանից նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ նախարարի հրամանով ցանկացած բժշկի վրա կարող է դրվել պարտականություն վերապատրաստվել և զբաղվել այն հիվանդների բուժմամբ, որոնց կսահմանի նախարարը, իսկ հակառակ դեպքում բժիշկները կտուգանվեն 300-500 հազար դրամի չափով:
Եթե առաջին կարգավորումը առաջացնում է լուրջ իրավական խնդիրներ, ապա երկրորդը իրավականից զատ պետք է դիտարկել բարոյական հարթությունում:
Կարդացեք նաև
Մինչ այս պահը չի եղել որևէ պաշտոնական հայտարարություն, որ որևէ բժիշկ հրաժարվել է համավարակի դեմ պայքարից: Մեր բժիշկները սիրով ու նվիրումով իրապես հերոսաբար պայքար են մղում արհավիրքի դեմ, սակայն այս նախագծով շնորհակալության փոխարեն պետությունը կոշտ միջոցներով ամենավատ ազդակն է ուղարկում աշխատող բուժաշխատողներին` ցույց տալով, որ ամեն պահին կարող է մահակ կիրառել նրանց դեմ: Այս նախագծի հետին նպատակները դեռևս հստակ չէ, միգուցե սրանով իշխանությունները նախապատրաստվում են հնարավոր առավել ծանր իրավիճակին (աշնանը), սակայն, կարծում եմ՝ հարցը կարելի է լուծել ոչ թե հակամարտություններով, այլ համագործակցությամբ:
Ուստի առաջարկում եմ վերախմբագրել նախագիծը:
Նախարարի հրամանով բժիշկների վրա անհամաչափ պարտականություն դնելու և նրանց տուգանելու փոխարեն, նախատեսել, որ նախարարությունը բուժհաստատությունների վրա դնում է պարտականություն՝ ապահովել անհրաժեշտ քանակի բուժաշխատողների վերապատրաստում: Այս հայտի հիման վրա էլ բուժհաստատությունը պարտականություն կկրի գործընթացին ներգրավել իր կողմից ընտրված բուժաշխատողներին: Այս լուծումը արդյունավետ է եւ ճկուն այն առումով, որ բուժհաստատությունները, հաշվի առնելով իրենց ծանրաբեռնվածությունը, մասնագետների պատրաստվածությունը, պահանջարկը, իրենք կորոշեն, թե որ բժիշկներն են ներգրավվում գործընթացին:
Կարծում եմ՝ եթե հիմա չգնանք համագործակցության, ապա այս տեսքով նախագիծը առաջացնելու լուրջ հակազդեցություն»: