Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նրան իր պաշտոնավարման տարիներին հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Ընդգծելով, որ հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ՝ փոխվարչապետը կարևորել է ոչ միայն երկկողմ հարաբերությունների խորացումն, այլև համագործակցության ընդլայնումը բազմակողմ՝ ԵԱՏՄ հարթակում:
Դեսպան Իգոր Նազարուկը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի բարի խոսքերի համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից՝ պահելով այն իր սրտում:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել, չնայած առկա խոչընդոտներին, առևտրաշրջանառության աճի արձանագրումը: Դեսպանը երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարևոր է համարել, մասնավորապես համավարակի ընթացքում, Երևանի և Մինսկի միջև կանոնավոր ավիաթռիչքների իրականացումը:
Զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկու երկրներում ստեղծված իրավիճակն ու դրա դեմ պայքարելու միջոցառումների արդյունավետությունը: