Լրահոս
Օրվա լրահոսը

«10-14 օրում մարդն այլեւս վարակակիր չի, բայց հնարավոր է, որ թեստը դրական լինի». ԱՆ խոսնակի պարզաբանումը

Հուլիս 09,2020 17:47

Հանրային ռադիոյի աշխատակից Արմեն Վարդանյանը, որը վարակվել էր կորոնավիրուսով, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ինձ 14-օրյա մեկուսացման ցուցում էր տրված, սակայն մեկուսացման ավարտին իմ կամքով եւ միջոցներով կորոնավիրուսի թեստ հանձնեցի, որը դրական ցույց տվեց։ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնից փորձեցի պարզել, թե ինչ է նշանակում. վարակաբաններն ուսումնասիրելով թեստի արդյունքները հայտնեցին, որ ես դեռ վարակակիր եմ եւ վարակ տարածող։

Արմեն Վարդանյանի լուսանկարը՝ ՖԲ էջից

Եթե ես թեստ չհանձնեի, ստացվում էր՝ դուրս էի գալու մարդամեջ ու, Աստված չանի, վարակեի ինչ-որ մեկի: Բայց կան հարյուրավոր մարդիկ, որ տասնչորսօրյա մեկուսացումից հետո ինքնաբերաբար արդեն համարվում են վարակ չտարածող եւ մեկուսացումից դուրս գալիս։ Սա հստակ ցույց է տալիս, որ ԱՀԿ-ի խորհուրդներն ու կարգավորման ցուցումները ժամանակավրեպ են»:

Aravot.am-ն առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց՝ նման դեպքը փաստո՞ւմ է կրկնավարակման մասին: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա կրկնավարակ չի, պարզապես 14 օր անց անձը համարվում է առողջացած, որովհետեւ արդեն կան որոշակի գիտական ապացույցներ այն մասին, որ 10-14 օրում մարդն այլեւս վարակակիր չի, բայց հնարավոր է, որ թեստը դրական լինի: Նա, սակայն, վարակակիր չի»:

Ալինա Նիկողոսյան

Ինչ վերաբերում է ՀՀ-ում կրկնավարակման դեպքերին առհասարակ, Ալինա Նիկողոսյանը հիշեցրեց նախարար Արսեն Թորոսյանի պարզաբանումը՝ 100%-ով հնարավոր չէ ասել, որ կրկնավարակման դեպքեր չեն լինում, որովհետեւ դա գիտականորեն ապացուցված չէ. «Ինչպես նախարարն է փաստել, մեզանում կրկնավարակի դեպքեր չեն եղել: Եղել է, որ հիվանդն ամբողջությամբ չի լավացել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031