Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի: Մեզ համար բարձրագույն արժեք պետք է լինի մարդը, որը ստեղծում է նաև մշակույթ և միջավայր. Արմեն Սարգսյանն անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին

Հուլիս 09,2020 17:18

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ հանդիպմանը նշել է, որ Սահմանադրությունը, սահմանադրականությունը և պետականությունը միայն թղթի վրա իրավական ձևակերպումներ չեն, և շատ կարևոր է հաջորդ քայլը՝ դրանց կիրառումը: «Երբ դիտարկում ենք տվյալ օրենքի սահմանադրականությունը, ապա պարտադիր չէ միայն նայենք, թե թղթի վրա այդ օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Այն երկրները, որոնք հավատում են իրենց Սահմանադրությանը, օրենքի գերակայությանը, շահում են։ Սահմանադրությունը զարգացնելու ճանապարհներից մեկը հետևյալն է. մենք՝ որպես հանրություն պետք է հավատանք և ապրենք այդ մշակույթով»,-ասել է նախագահը։

Նախագահը նշել է, որ ինքն օրենքի սահմանադրականությանը դիտարկում է նաև դրա կիրառության տեսանկյունից: «Եթե իմ ստորագրմանն է գալիս օրենք, որը որևէ սահմանադրական խնդիր չունի, ո՞րն է իմ ընտրությունը,-ասել է նա, միաժամանակ նշելով, որ կան դեպքեր, երբ օրենքը սահմանադրականության հետ կապված որևէ խնդիր չունի, սակայն ժամանակավրեպ է:

Որպես օրինակ՝ նա անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին: «Հարկային օրենքները շատ զգայուն են, և ցանկացած հարկային օրենք պետք է բազմակողմանի քննարկվի, վերլուծվի,- անդրադառնալով օրենսդրության մեջ կատարված՝ գույքահարկին վերաբերող փոփոխություններին՝ ասել է Հանրապետության նախագահը: -Գույքահարկը կապված է մնացած հարկերի հետ: Այն, որ պետությունը պետք է մտածի և զարգացնի մեր հարկային օրենսդրությունը, որևէ կասկած չկա, մարդիկ, ովքեր ավելի մեծ հարստություն ունեն, պետք է ավելի շատ հարկ վճարեն»: Բոլոր պետություններում հարկերը բարձրացվում կամ իջեցվում են: Սակայն, նախագահի խոսքով, օրենքներն ունեն նաև սոցիալական, հոգեբանական ազդեցություն: «Գույքահարկին վերաբերող օրենքը խոսում է նաև շատ այլ խնդիրների մասին,-ասել է նախագահը: -Օրինակ՝ եթե Երևանի կենտրոնում ապրող դոցենտն իր բնակարանը ժառանգություն է ստացել իր հայտնի ակադեմիկոս պապիկից, ապա այս պարագայում ի՞նչ պետք է անի՝ վաճառի՞ բնակարանը և տեղափոխվի քաղաքի ավելի հեռավոր մասեր: Հնարավոր է՝ նա վաճառի իր բնակարանն ու լքի Հայաստանը՝ իր հետ տանելով ակադեմիկոսի արխիվն ու պատմությունը և, ընդհանրապես, Երևան քաղաքի և մեր ժողովրդի պատմության մի կտորը:

Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են, մեր երկիրը, մշակույթը, մեր քաղաքը: Շատ զգույշ պետք է լինել: Մեզ համար բարձրագույն արժեք պետք է լինի մարդը, որը ստեղծում է նաև մշակույթ և միջավայր:

Այդ օրենքը դրված է իմ սեղանին: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան, որովհետև Սահմանադրության հետ խնդիր չունի: Ինձ մնում է ստորագրել օրենքը և կցել հայտարարություն: Ես հենց այդպես էլ արեցի՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները:

Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկել Ազգային ժողով, կանեի՝ նշելով, որ այս-այս պատճառներով պետք է օրենքում կատարվեն փոփոխություններ: Առավել ևս, եթե ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031