Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ստեփանյանն ընդդեմ Անժելա Թովմասյանի. կողմերը միանգամայն իրարամերժ տեսակետ ունեն

Հուլիս 09,2020 16:57

«Հեղափոխության պահապաններ» խմբի հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանը, որը «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանին դատի է տվել՝ իր պնդմամբ իրեն եւ իր ընկերներին զրպարտելու համար, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում դատական նիստն սկսվելուց առաջ Aravot.am-ին ասաց:

«Տիկին Անժելա Թովմասյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերով վիրավորանքներ եւ զրպարտանք է հնչեցրել, ինչի համար դիմել եմ դատարան եւ պահանջում եմ հերքել այդ սուտ տեղեկությունները եւ փոխհատուցել: Ըստ էության, մի քանի դատական նիստ է տեղի ունեցել, որից ընդամենը մեկին է ներկայացել տիկին Անժելա Թովմասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Դրանից հետո իրենք չեն գալիս դատական նիստերին:

Նա երկու անգամ է իրեն թույլ տվել ինձ վիրավորել, եւ ես երկու հայց եմ ներկայացրել դատարան: Առաջին հայցով երբ ես դիմեցի դատարան՝ ինձ խուժան, խուլիգան, բանդիտ անվանելու համար, տիկին Անժելա Թովմասյանը կրկին դուրս եկավ ուղիղ եթեր եւ ասաց, որ ուզում է ավելացնել, որ մենք ոչ միայն խուլիգան եւ խուժան ենք, այլ՝ այլասերված: Երկրորդ հայցով այլասերման առումով դիմել եմ դատարան եւ թող դատարանը որոշի, թե որքանով է դա իրականությանը համապատասխանում: Երկու օր առաջ է եղել հերթական նիստը, ու պատասխանող կողմը կրկին չէր ներկայացել, որովհետեւ երեւի ասելու բան չունեն»:

Հայկ Ստեփանյանը «Հայելի» ակումբի դեմ կատարած իրենց գործողությունները հանցագործություն չի համարում, մինչդեռ, Անժելա Թովմասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը միանգամայն հակառակն է պնդում:

«Դա հարձակում է: Կարող եմ ասել՝ ակնհայտ է, որ այս ձեւաչափով հարձակման նպատակ ունեն ազատ խոսքի վրա եւ ամեն կողմից ցանկանում են ճնշել: Սա է ամբողջ պրոցեսի ընդհանուր գնահատականը: Մենք երբ նայում ենք քրեական գործի ընթացքին, ապա հասկանում ենք, որ վարույթն իրականացնող մարմնում սկզբից չգիտեին՝ ինչպես պետք է վարվեն գործի հետ: Այսինքն, հոկտեմբերի 5-ին այդ հարձակման հետեւանքով հարուցվեց քրեական գործ: Քրեական գործի քննությունը տեւեց շուրջ յոթ ամիս, աննախադեպ երկար, ոչ ողջամիտ ժամկետներ, չնայած գործի ծավալները շատ փոքր էին: Այն կարելի էր մեկ ամսում էլ ավարտել եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան: Մենք ակնկալում էինք, որ այն պետք է պարունակեր նաեւ խուլիգանական գործողությունների վերաբերյալ քրեաիրավական գնահատական ոչ միայն այդ հոդվածով: Պետք է նաեւ այլ հոդվածներ եւս ներառված լինեին մեղադրանքի ծավալի մեջ: Մինչդեռ, դա տեղի չունեցավ: Փոքր ծավալի մեղադրանքի շուրջ կատարվել էր մոտ յոթ ամիս քննություն, որի արդյունքը եղավ կարճման որոշումը: Մենք այդ որոշումը բողոքարկել ենք: Դատական կարգով դիմել ենք դատարան:

Բայց ստացվում է, որ կարող են հարձակվել, ցույց տալ ապօրինություններ, վնասներ պատճառել, քրեորեն հետապնդելի արարքներ կատարել եւ մնալ անպատիժ: Եվ երբ պատկան մարմինների փոխարեն դու ես գնահատական տալիս, արդեն քաղաքացիական գործերի միջոցով են փորձում այս տիրույթում նորից ճնշել: Ես արդեն բացատրություն ներկայացրեցի դատարանին, որ չեն կարող լինել հիմքեր, որովհետեւ իրականապես այդ հարձակումը իր մեջ պարունակում էր խուլիգանական արարք, որովհետեւ այդ անկարգությունը, որ նրանք թույլ էին տվել՝ ձվեր նետել, վնասել, փչացնել, անպարկեշտ նկարներ փակցնել, դա հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է: Էլ չեմ ասում, որ դրա հիմքում եղել է նաեւ խտրականությունը եւ վրեժխնդրությունը, որոնք ծանրացնող հանգամանքներ են: Նրանք մատնանշում են նաեւ, թե դա ինչու են անում: Որովհետեւ Անժելա Թովմասյանը Հրայր Թովմասյանի քույրն է»,-ասում է Զարուհի Փոստանջյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031