Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր համայնքների բնակիչները դատապարտված են իրենց համայնքի ղեկավարին հավերժ ունենալու». Աշոտ Գիլոյանը նոր ընտրական օրենքի փոփոխության մասին

Հուլիս 09,2020 16:49

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգություն ունեն, որ նոր ընտրական օրենքով ՏԻՄ-երը կուսակցականացվում են: Այսօր այս թեմայով «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ առցանց ձեւաչափով կազմակերպվել էր բանավեճ:

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը դժգոհություն հայտնեց, որ արտակարգ դրության պայմաններում քաղաքացիական հասարակությունը հնարավորություն չի ունեցել երկխոսության, քանի որ սահմանափակված է եղել հանրային լայն քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը: Պարոն Դուլգարյանը գտնում է, որ այդ կարեւոր օրինագիծը չպետք է ընդունվեր արտակարգ դրության պայմաններում, քանի որ քաղհասարակության ձայնն այդ հարցում այդպես էլ լսելի չեղավ:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, սակայն համակարծիք չէր Օլեգ Դուլգարյանի պնդմանը, թե քաղհասարակությունը զրկված է եղել իր ձայնը տեղ հասցնելու հնարավորությունից: Նրա խոսքով, քաղհասարակությունը ունեցել է տեւական ժամանակ՝ տեղական ինքնակառավարման ինստիտուտի կայացման գործում մաս կազմելու: Արմեն Եղիազարյանը գտնում է, որ այդ նոր օրենքով բազմաթիվ խնդիրներ են լուծվում, որից մեկը ավագանու ինստիտուտի դերի բարձրացումն է:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի եւ զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանի այն
դիտարկմանը, թե նոր ընտրական օրենքով ամեն ինչ քաղաքականացվում է եւ այն միտված է միանգամից կուսակցական համակարգը ներդնելու նաեւ 4000 հազարից ավելի եւ 4000-ից ցածր բազմաբնակավայրերի համար, Արմեն Եղիազարյանը պատասխանեց՝ նման խնդիր չկա, այդ ցուցակների մեկ երրորդը կարող են լինել անկուսակցականներ:

Վարդինե Գրիգորյանն ասաց, որ այդ քննարկումների ժամանակ երկու կարեւոր հարց են հնչեցրել՝ արտակարգ դրության ժամանակ ՏԻՄ ընտրությունների անցկացման հնարավորության նախատեսում. «Քանի որ սահմանադրությունը ՏԻՄ-երի հետ կապված սահմանափակում չի նախատեսում, իսկ արտակարգ դրությունը այլ հանգամանքների համար, օրինակ՝ նույն տեղորոշման մեկուսացման եւ տարբեր սահմանափակումների համար անհրաժեշտ է, մենք առաջարկում էինք, որ, եթե կա արտակարգ դրություն, ապա այդ արտակարգ դրության որոշումը սահմանում է՝ արդյոք այդ ընթացքում կարող են տեղի ունենալ ՏԻՄ ընտրություններ: Այսինքն, օրինակ՝ եթե տվյալ համայնքում համաճարակային վիճակը խնդրահարույց չէ, այդ դեպքում ընտրությունները կարող են տեղի ունենալ: Եթե ընտրություններ չեն լինելու մոտակա ժամանակները այս նախագծի հրատապությունն անիմաստ էր դառնում»:

Երկրորդ առաջարկությունն այն է, որ, եթե բազմաբնակավայրերը փոքր են, կարիք չկա կուսակցական համակարգը ներդնելու. «Նաեւ առաջարկում էինք, որ չլինի սահմանափակումն այնպես՝ ինչպես գրված է օրենքում: Որովհետեւ, բացի Երեւանից՝ այլ բնակավայրերի համար 15 թեկնածու ներկայացնելը, հատկապես՝ փոքր համայնքներում, իրականում սահմանափակում է: Կուսակցությունները պարտավոր են ունենալ նույն ցուցակում 15 հոգի, որպեսզի կարողանան մասնակցել ընտրություններին»:

Բանավեճի մասնակից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ասաց, որ իշխանությունների դիրքորոշումն այն է, որ բաց են ոչ միայն քննարկումների համար, այլեւ կա հրապարակային պատրաստակամություն քաղհասարակության մատնանշած այդ փոփոխությունները ներառելու. «Նպատակը կուսակցական համակարգի կայացումը չէ, նպատակը տեղական ինքնակառավարման կայացումն է տեղական ինքնակառավարումը ավելի ներկայացուցչական, ավելի պատասխանատու եւ ավելի ժողովրդավարական դարձնել է»:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, որ օրենքն ընդունվել է ԱԺ պատգամավորների, բոլոր խմբակցությունների աջակցությամբ եւ վերջին 25-30 տարիների ընթացքում այն տեղական ինքնակառավարման ոլորտի ռազմավարական, հայեցակարգային մի օրենք է, որը բարեփոխելու է ամբողջ դաշտը. «Այո ընտրությունը քաղաքականացվելու է, քաղաքական կուսակցությունները մասնակցելու են այդ ընտրությանը»:

Աշոտ Գիլոյանի խոսքով. «Մեր համայնքների բնակիչները դատապարտված են իրենց համայնքի ղեկավարին հավերժ ունենալու, որովհետեւ այդ համայնքի ղեկավարը, որոշ դեպքերում, ունենալով մեծ ազգություն՝ անընդհատ ընտրվում է, իր բերած ցուցակով էլ՝ ավագանու կազմը: Կյանքը ցույց տվեց, որ գործող համակարգով այդ մրցակցությունը չկա: Հիմա կուսակցությունն է գալիս, որը պատասխանատվություն է կրում»:

Հարցին, ո՞րն է երաշխիքը, որ կստանձնեն այդ պատասխանատվությունը, քանի որ նախկինում շատ վատ փորձ ենք ունեցել, պարոն Գիլոյանն ասաց, որ դրա օրինակն արդեն իսկ մեր երկրում տեղական ինքնակառավարման ոլորտում՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում գործող համամասնական ընտրակարգն է. «Կյանքը ցույց տվեց, որ նույն Երեւան, Գյումրի, Վանաձորում այդ համամասնականը ավելի ճիշտ է, պատասխանատու է եւ հեղափոխական է, քան՝ մեծամասնական ընտրակարգը»:

Ինչ վերաբերում է պարոն Գիլոյանի դիտարկմանը, որ համայնքի ղեկավարներ կան, որ 90-ականներից պաշտոնավարում են եւ փոփոխություն չի լինում, Վարդինե Գրիգորյանն ասաց՝ այստեղ կրկին մեխանիզմ չի առաջարկվում եւ միակ փաստացի մեխանիզմն այն է, որ կուսակցություններն ամեն մեկն ինքն իր համար որոշի, որ ինքը գործող համայնքապետին չի ներգրավելու իր ցանկում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031